կարևոր
3928 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-15 13:32
Հասարակություն

Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր՝ Ճարտարից

Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր՝ Ճարտարից

Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը գրում է.

«Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր՝ Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր` Եվրասիա Համալսարանում։

Նրա հարազատները Արցախում են` Բլոկադայի մեջ։ Նրա դասընկերները ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։
Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։
Լույսերի մեջ մնաս Հելեն ջան...

Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է `գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել հիվանդանոց։

Հուսով եմ գոնե կարմիր խաչով կգտնվի տարբերակ նրա անճյունը Արցախ տեղափոխելու , որպեսզի հարազատները գոնե կարողանան հրաժեշտ տան և հողարկավորեն։

Հուսով եմ հասարակությունը ևս հետևողական կլինի և պատասխանատուների նկատմամբ համապատասխան ճնշում կգործադրի գոնե այս անմարդկային հարցը լուծելու համար»։

Եվրասիա միջազգային համալսարանի ֆեյսբուքյան էջում Հելենին բնութագրել են որպես հրաշալի թիմակից, որն ընդգրկված էր բազմաթիվ նախագծերում.

«Խոր կսկիծով հայտնում ենք, որ օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի զոհ է դարձել նաև մեր լուսավոր գործընկերն ու ուսանողուհին՝ արցախցի Հելեն Դադայանը:

Նա սովորում էր «Կառավարում» մասնագիտության ավարտական կուրսում, ամբիոնի վարիչի օգնականն էր, փայլուն ուսանող և «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակիր, բազմաթիվ նախագծերում կամավոր էր ու հրաշալի թիմակից:

Եվրասիա միջազգային համալսարանի ամբողջ ղեկավար կազմը, դասախոսական և ուսանողական անձնակազմը այս ծանր պահին կիսում են նրա անդառնալի կորստի ցավն ու վիշտը»։

Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։