կարևոր
11362 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-12 10:54
Արցախ

Դավիթ Իշխանյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ աշխարհի տարբեր անկյուններից

Դավիթ Իշխանյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ աշխարհի տարբեր անկյուններից

Արցախի ԱԺ նորանշանակ նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը խորհրդարանի խոսնակ ընտրվելու կապակցությամբ շարունակում է ստանալ շնորհավորանքներ։

Ստորև ներկայացնում ենք այդ շնորհավորանքները։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահին շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն ու Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը։

Դավիթ Իշխանյանը շնորհավորանքներ է ստանում նաև Սփյուռքից։ Այսպես շնորհավորական նամակ է հղել Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։

Լիբանանի խորհրդարանի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին շնորհավորական նամակով հաջողություններ է մաղթել ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին։

«Վստահ եղեք, որ, անկասկած, միշտ ձեր կողքին պիտի գտնեք, իր ինքնպատկանելիութեան եւ արժանապատութեան գիտակից ողջ հայութիւնը , որուն ամէնօրեայ ուշադրութեան եւ զօրակցութեան կիզակէտին եղած է եւ է՛, Արցախն ու Արցախահայութեան հարցը իր բոլոր երեսներով», - Իշխանյանին շնորհավորել է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Րեիսյանը։

«Կը հաւատամ, որ դուք ձեռնհասօրէն կրնաք կատարել, յանուն Արցախի ինքնութեան պահպանման եւ գոյատեւման», - շնորհավորել է Սիրիա- Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանը:

Իշխանյանին շնորհավորել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը։

Շնորհավորել են նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը։

Շնորհավորանքներ են ստացվում նաև ԱՄՆ-ից և Եվրոպայից։ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, ողջունելով ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրության առիթով, ակնկալում է Արցախի և հայ ժողովրդի հետ ԱՄՆ-ի կապերի հետագա ամրապնդմանն ուղղված աշխատանքների շարունակություն:

«Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ ողջունել ձեզ Եվրախորհրդարանում»:

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Արցախի ժողովրդի համար ամենածանր պահին Դավիթ Իշխանյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելը հույսի փարոս է անվանել և վստահեցրել, որ շարունակելու են աջակցել Արցախի քաղաքացիներին և նրանց ինքնորոշման իրավունքին: Պատգամավորը հույս է հայտնել, որ Արցախի խորհրդարանի հետ իր կապը շարունակական կլինի:

Շնորհավորանքներ են հղել նաև ՀՅԴ աշխարհասփյուռ այլ կառույցներ։

Իշխանյանին շնորհավորել են նաև ՀՀ ներքաղաքական, հասարակական կյանքի մի շարք գործիչներ։