Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում տիրող ծայրահեղ ծանր կացության պայմաններում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը, ընդդիմադիր երկու խմբակցությունները, Արցախի նախկին և ներկա նախագահները դաշնակցական Դավիթ Իշխանյանին առաջարկել են ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը։ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեն, ՀՅԴ Բյուրոն՝ քննարկելով այս առաջարկը, ներկայացնելով մեր մոտեցումները, պայմանները՝ ընդունել են առաջարկը։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Դավիթ Իշխանյանի՝ ԱՀ ԱԺ նախագահ նշանակվելու մասին։
«Նախ, կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար պարզ պետք է լինի, որ այս ամենը չի կարող դիտարկվել որպես իշխանության ձգտում, քանի որ այստեղ կա ավելի շատ պատասխանատվություն, քան իշխանություն։ Մեր համաձայնության պատճառը և նպատակն այն է, որ այս իրավիճակում սա համարում ենք հնարավորություն՝ Արցախում իրական ազգային օրակարգի շուրջ նոր համախմբում ձևավորելու համար, խնդրում եմ, հատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ խոսքն ինչ-որ ուժի, անհատի, կամ գործող իշխանության շուրջ համախմբման մասին չէ , այլ Արցախին սպառնացող վտանգները դիմակայելու օրակարգի շուրջ»,- ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով՝ իրենց որոշումը պայմանավորված է միայն այդ օրակարգով, իսկ մնացյալ շահարկումները կանխելու համար շեշտեց․
«Շատ հստակ ասում եմ՝ որևէ կերպ կաշկանդված չենք մեր գնահատականների մեջ, և մեր նախկին գնահատումներում որևէ փոփոխություն չկա։ Մենք քաջ գիտակցում և խորությամբ հասկանում ենք ստեղծված ճգնաժամի և ծայրահեղ ծանր կացության ծավալները, բայց ես կրկնում եմ՝ սա մեզ համար հնարավորություն է տիրող իրավիճակում ինչ-որ բան փոխելու»,-ընդգծեց Սաղաթելյանը։
Պատգամավորի դիտարկամամբ՝ Իշխանյանի՝ Արցախի ԱԺ նախագահ նշանակվելը օգնելու է նաև միջազգային հարթակներում Արցախի Հանրապետության անունից նոր խոսք ասելու, արցախահայության առաջ ծառացած խնդիրների բարձրաձայնման համար։ Նրա խոսքով՝ բոլոր հնարավորությունները օգտագործվելու են՝ ի նպաստ իրենց առաջ դրված օրակարգի։
Հարցին, թե նույն ժամանակ ի՞նչ պետք է սպասել Հայաստանից և արդյո՞ք ընդդիմությունն իշխանության հետ քննարկումներ ունենում է, վերջինս պատասխանեց․
«ՀՀ Իշխանության հետ որևէ քննարկում չկա, մեր կողմից ներկայացվող բոլոր առաջարկներն անցնող երկու տարում հետևողականորեն մերժվել են գործող իշխանության կողմից։ Հիշու՞մ եք, թե քանի արտահերթ նիստ, քանի համատեղ հայտարարությունների նախագիծ ենք դրել, որոնք քաղաքական մեծամասնությունը ձախողել ու տապալել է։ Այս իշխանությունը վաղուց ձեռքերը լվացել է Արցախից, և այս չարիք իշխանությունը սպասարկում է Ալիևի և Էրդողանի քաղաքական շահերը ու որևէ առնչություն չունի հայկական օրակարգի և հայկական շահերի հետ»:
Ճշտող հարցին՝ ընդդիմության գործուն քայլերը որո՞նք են լինելու և արդյո՞ք փողոցային պայքար է սպասվում, Սաղաթելյանն արձագանքեց, որ ընդդիմությունը գլխավոր խնդիրներից մեկն է ՝ ոտքի հանել ժողովրդին, տանել համաժողովրդական ընդվզման։
«Ակնհայտ է, որ այս իշխանության օրոք մեզ որևէ լավ բան չի սպասում և եթե որևէ մեկը սրանցից ակնկալիք ունի, պետք է հիասթափեցնեմ: Սրանք արդեն մեզ մոտեցնում են մի անդառնալի կետի, որի մասին խոսում էինք երեք տարի շարունակ, սակայն մեզ չէին լսում»,-շեշտեց պատգամավորը։
Դիտարկմանը՝ եթե առաջիկայում քաղաքապետի ընտրություններն են և թեժ պայքար է սպասվելու և հարցին՝ ե՞րբ սպասել այդ համահայաստանյան ընդվզմանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց․
«Կարծում եմ՝ շատ երկար չեք սպասի։ Մնացածի մասին շատ հանգամանալից կխոսենք առաջիկայում»։
Լիաննա Թորոսյան