կարևոր
2197 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-25 11:34
Հասարակություն

Ով էր օգտվելու դոլարի կուրսի փոփոխությունից․ «Հրապարակ»

Ով էր օգտվելու դոլարի կուրսի փոփոխությունից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում որոշել են «ջրել» Երեւանի քաղաքապետարանում «բացահայտված» համակարգային կոռուպցիան եւ ծածկադմփոց անել ՔՊ-ական հերթական պաշտոնյայի, գուցե՝ նախկին պաշտոնյայի, հակաօրինական գործունեությունը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Դեռեւս ամիսներ առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետարանը 2021թ․ գնել է 161 հատ չինական ավտոբուս՝ Zhongtong Bus ընկերությունից՝ կնքելով մեկ ավտոբուսի արժեքը 44 մլն 720 հազար դրամով պայմանագիր, բայց ընդամենը մեկ տարի անց նույն ընկերության հետ, նույն ավտոբուսների գնման պայմանագիրը կնքվել է յուրաքանչյուրի դիմաց  44 մլն 249 հազար 499 դրամով՝ 470 հազար դրամով էժան։ Բայց քանի որ մեկ տարվա ընթացքում դոլարի կուրսն էապես նվազել է, բացի այդ, 2021թ․ պայմանագրում առկա է չինական կողմի տված բանկային երաշխիք` ԱՄՆ դոլարով, որտեղ մեկ ավտոբուսի գինը 86 հազար 289 ԱՄՆ դոլար է՝ մեկ դոլարի փոխարժեքը հաշվարկված 518 հազար 26 դրամով, իսկ մեկ տարի անց մեկ դոլարի արժեքը՝ 405 հազար 46 դրամ, ստացվում է, որ 2-րդ պայմանագրի կնքման ժամանակ մեկ ավտոբուսի գինը կազմել է 109 հազար 134 ԱՄՆ դոլար՝ 22 հազար 845 ԱՄՆ դոլարով ավելի, ուստի, Առաքելյանի հաշվարկով, առնվազն 3,5 մլն ԱՄՆ դոլարի տարբերություն է եղել` կապված կուրսի տատանման հետ։

Մենք պարզեցինք, որ գնման մասին հայտարարվել է Հայկ Մարությանի՝ քաղաքապետ աշխատած շրջանում, գումարի մի մասն էլ նրա կառավարման օրոք է փոխանցվել։ Հրաչյա Սարգսյանը, փոխարինելով Մարությանին, ըստ մեր աղբյուրի, հաշվի չի առել կուրսի տարբերությունը եւ նախկին հաշվարկով է գումարի որոշ մասը փոխանցել: Քաղաքապետարանում կասկածներ են ծագել, թե դա միտում ունի, եւ Սարգսյանի հրաժարականից հետո հենց այս պատմության հետ էին կապված շրջանառվող լուրերը, թե հնարավոր է նա էլ անցնի «ատկատի» գործով: Այս գործարքը հայտնվել է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում։ Սակայն հրաժարականից ամիսներ անց, երբ Սարգսյանը հայտնվեց Փաշինյանի կաբինետում՝ վարչապետի խորհրդականի պաշտոնում, այլեւս պարզ էր, որ գործին ընթացք չի տրվելու: Չնայած դրան, թեման մինչեւ վերջերս ձգվել է, Տիգրան Ավինյանը, նշանակվելով քաղաքապետի տեղակալի պաշտոնում եւ փաստացի կատարելով քաղաքապետի պարտականությունները, հրաժարվել է հիշյալ ընկերությանը փոխանցել գումարի մնացած մասը եւ առաջարկել է բանակցել: Իհարկե, ատկատի թեման չի շոշափվել, ասվել է, որ պարամետրերի անհամապատասխանություն են հայտնաբերել, եւ պահանջ է դրվել` կա՛մ մնացած գումարը չեն փոխանցելու, կա՛մ բանկային երաշխիքն են հետ քաշելու: Եվ որպեսզի անհամապատասխանության վրա աչք փակեն, պահանջել են հավելյալ 30 ավտոբուս մատակարարել` մոտավորապես այդքան է կազմել դոլարի կուրսի տատանումից ավելացուկ գումարը։ Մինչդեռ իրավական երկրում այսպիսի գործարքը լուրջ քննության կենթարկվեր, եւ քրեական գործեր կհարուցվեին, ու մեղավորները պատասխանատվության կենթարկվեին։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։