կարևոր
2821 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-22 09:28
Հասարակություն

Արտոնյալ գործարարը հարստանում է երկու պետությունների հաշվին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «7 ամիս շրջափակված Արցախից Հայաստան փախած գործարար Արմեն Հակոբջանյանը, մի կողմից, իր նոր գնած գազալցակայանների դիզայնն է փոխում, մյուս կողմից՝ իր տան կողքին մի առանձնատուն էլ եղբոր համար է կառուցել:
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է Ավան վարչական շրջանում կառուցված երկհարկանի երկու տները, որոնք պատկանում են ատոնյալ ղարաբաղցի Արման Հակոբջանյանին ու նրա եղբորը: Իսկ ո՞վ է Հակոբջանյանը, որ արտոնյալի կարգավիճակով անշեղորեն ավելացնում է իր ունեցվածքը, ընդ որում՝ երկու պետությունների՝ Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների հաշվին:

Հիշեցնենք, որ Հակոբջանյանը, որ իր հոր՝ ԼՂՀ քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի կողմից 1997 թվականին «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությունն է ղեկավարում, պետական մրցույթներում հաղթելով, ահռելի ունեցվածքի տեր է դարձել: Նրանք նաեւ ունեն 2002 թվականից հիմնադրած եւս մի ընկերություն՝ «Սերպանտին» ՍՊԸ-ն:

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականի հունվարի 1 մեկից մինչեւ 2023 թվականի հուլիսի 5-ը «Կապավոր» ՍՊԸ կնքել է 15 պայմանագիր ՀՀ հանրային իշխանության մարմինների հետ, դրանց թվում՝ Դիլիջանի ևեւԳավառի համայնքապետարանների, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ: Կնքված պայմանագրերի արժեքն ընդհանուր առմամբ կազմել է 4 մլդ 323 մլն 662 հազար 900 դրամ: Ծառայությունները, որոնք մատուցել է Հակոբջանյանի ընկերությունը, հիմնականում ճանապարհաշինական բնույթ են կրում:

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունում էլ բաց հրատապ մրցույթով եւ շրջանային համաձայնագրի գնման ընթացակարգերով «Կապավոր» ՍՊԸ-ն կնքել է 2 մլդ 718 մլն 018 հազար 680 դրամ արժողությամբ պայմանագրեր՝ դարձյալ ճանապարհների վերանորոգման եւ պահպանման աշխատանքների համար:
Ու քանի որ բոլոր ցանկալի եւ մեծ մրցույթները շահում է հենց «Կապավոր»-ը՝ օգտագործելով իր կապերը նաեւ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հետ, դրա համար էլ արտոնյալ կերպով հա՛մ Երեւանում է երկու առանձնատուն կառուցել, հա՛մ էլ Սեւանում, այն էլ՝ ապօրինի: Նկատենք, որ Սեւանա լճի ափին կառուցված շքեղ առանձնատունն էլ նույն Գնել Սանոսյանի՝ Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ է կառուցել: Իհարկե, 2018-ին «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն ասում էր, որ Սեւանի ափի առանձնատները ենթակա են կա՛մ ապամոնտաժման, կա՛մ, եթե քաղաքաշինական նորմերը չեն խախտվել, եթե ամեն ինչը համապատասխանում է օրենքի պահանջներին, կարող են դառնալ նաեւ պետության սեփականությունը: Սակայն փաստացի Հակոբջանյանը, լինելով արտոնյալ գործարար, կառուցել է Սեւանի ափին առանձնատուն, այն էլ՝ շինարարական խախտումներով, ու մինչ օրս այն չի պետականացվել:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը հունիսի 22-ին գրել էր, որ արցախցի գործարար Արման Հակոբջանյանին հաջողվել է փախչել շրջափակված Արցախից եւ գնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» եւ «Մուլտի լեոն» ընկերությունների գազալցակայանները: Հակոբջանյանն ինքը մեզ հետ զրույցում չէր էլ հերքել ո՛չ Արցախից Հայաստան գալու, ո՛չ էլ լցակայանները գնելու մասին տեղեկությունը»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։