կարևոր
3151 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-21 12:07
Քաղաքական

Արցախի հանդեպ պարտքերը տալու ժամանակը. Վահե Հովհաննիսյան

Արցախի հանդեպ պարտքերը տալու ժամանակը. Վահե Հովհաննիսյան

Այցելուների, սննդի քանակի և սնվելու էնտուզիազմով երևանյան ֆուդքորտերը անմարդկային հակասության մեջ են մտնում Արցախում տարրական ուտելիքի կարիք ունեցող 30 հազար երեխաների, հղիների իրականության հետ։
Չկան լավ և վատ ժողովուրդներ, բայց կան լավ կամ վատ վերնախավեր, որոնք ժողովուրդներից սարքում են մարդկանց հասարակություն։ Ումի՞ց սպասել սա։ Ումի՞ց սպասել ճիշտ ուղերձներ լայն զանգվածներին. իրավիճակի համահեղինակ իշխանությունի՞ց, արձակուրդային ընդդիմությունի՞ց, թե՞ Գարիկի կլիպի «լավերից»։
Գուցե մոլերի և ֆուդկորտերի սեփականատերերը մի օր փակեն դռները և ցուցանակ դնեն՝ «Չենք աշխատում՝ ի համերաշխություն սովամահ արվող Արցախի պայմաններում Արցախի մեր քույրերի ու եղբայրների»։ Եվ սննդի մի ահռելի ծավալ տանել թափել Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանատների առաջ, ու կազմակերպել ակցիայի մեդիա սփռումը միջազգային մամուլով։
Իսկ գուցե դա անեն Արցախի անունով կարողություններ դիզած սեփականատերե՞րը։
Իսկ գուցե այդպես հնարավո՞ր է մոլերի և ֆուդկորտերի այցելուներին արթնացնել և ուղղել հրապարակ՝ վերջապես բարձրացնելով այս իրավիճակում այս կառավարության պիտանելիության հարցը։
Ո՞վ պետք է պաշտոնյաներին բացատրի, որ ձեր երեխաների անհոգ ֆոտոները դիսնեյլենդերից և կուշտ վայելքի տեղերից հրապարակելը անասնական վարքագիծ է, երբ քո ժողովրդի մի զգալի հատվածը սննդի ու դեղի ծայրահեղ կարիք ունի։ Իրականում պաշտոնյաներին պետք չէ բացատրել, այլ՝ ստեղծել մթնոլորտ, որ հնարավոր չլինի նման բան անելը, որը հնարավոր չլինի նման պաշտոնյա լինելը։
Հասել ենք մի եզրագծի, երբ դրսում Հայաստանի համար բողոքի ակցիաներ կազմակերպող սփյուռքահայերի մուտքը Հայաստան արգելվում է, և ողջունվում միայն «ծիրանի սեզոնին» Հայաստան՝ որպես ռեստորանների երկիր այցելողների մուտքը։
Հետո հերթով՝ պաշտոնյաներն ու իշխանական թիմը փորձելու են արդարանալ. «մենք չգիտեինք, մեզ ո՞վ էր բան ասում, մեզ ո՞վ էր մարդու տեղ դնում, ինչի՞ց էինք տեղյակ» և նման բաներ։ Չի անցնելու։
Երեկ Արցախից հնչեց կոշտ ձևակերպում՝ «Արցախից տարիներով սնված ու օգտվող «գործարարներին»՝ վերանայել սեփական վարքագիծը։ Սա պատահական չէր. աշխարհում չի եղել ծավալուն ողբերգություն՝ առանց հետագա «կոշտ ռազբորկայի»։ Դա էլ մի առանձին թեմա է։
Այս վիճակը չի լուծելու ո´չ Մոսկվան, ո´չ Բրյուսելը, ո´չ Վաշինգտոնը, ո´չ ընդդիմությունը, ոչ էլ՝ որևէ այլ կենտրոն։ Այս իրավիճակը մի օր վերածվելու է տոտալ ընդվզման, որի ո´չ ելքը, ո´չ ընթացքը ոչ ոք չի կարող կանխատեսել։ Իսկ մինչ այդ ամեն ինչ պետք է անել Արցախին օգնելու համար։ Կան լավ գաղափարներ, լավ առաջարկներ, կան տասնյակ հազարավոր մարդիկ ովքեր այդ ուղղությամբ մտածում են ու արդեն նաև գործում։ Ուրեմն կա հեռանկար։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ