կարևոր
2257 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-19 12:53
Հասարակություն

ՔՊ-ի շինարարական բումը, պարզվում է, փուչիկ է․ «Հրապարակ»

ՔՊ-ի շինարարական բումը, պարզվում է, փուչիկ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ՔՊ-ական կառավարության ոլորտային դիլետանտությունը հասել է այն մակարդակին, որ մոտավոր նախագծով շենք-շինություն են կառուցում կամ վերակառուցում եւ մնում կեսճանապարհին․ գործը չավարտած՝ կա՛մ փողն է վերջանում, կա՛մ պարզվում է՝ նախագիծն է սխալ։

Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի մանկապարտեզը պետք է շահագործման հանձնվեր 2022 թվականի դեկտեմբերին, սակայն մինչ օրս աշխատանքները չեն ավարտվել։ Մեկ հարկանի շենքի շինարարությունը, պարզվում է, ավելի թանկ է արժեցել, քան մրցույթը շահած կապալառու ընկերության առաջարկած նախագծով է եղել։ Այսինքն՝ տենդերը շահել է նվազագույն թիվ առաջարկած ընկերությունը, իսկ հետո պարզվել է, որ դա բավարար չէ այդ աշխատանքն իրականացնելու համար։ Քաղաքաշինության կոմիտեի պատվերով կառուցվող մանկապարտեզը վերջնաժամկետից կես տարի անց դեռ անավարտ է․ պետության հատկացրած մոտ 496 մլն դրամը քչություն է արել։ 

Սա, ի դեպ, Հայաստանում մոդուլային տիպի առաջին մանկապարտեզն է՝ նախատեսված 100 երեխայի համար։ Հաստատության շահագործմանը բազմաթիվ ընտանիքներ են սպասում։

114 մլն 600 հազար դրամով էլ Արեւաշատում են մանկապարտեզ կառուցել։ Սա էլ սուբվենցիոն ծրագրով է։ Մանկապարտեզը պետք է շահագործման հանձնվեր 2022 թվականի սեպտեմբերին, բայց մինչ այսօր դռները փակ են։ Ճիշտ է՝ այս շենքի շինարարությունն ամբողջությամբ ավարտված է, բայց սա էլ դեռեւս գույք չունի, որ երեխաների ընդունելություն կազմակերպեն։ Բացի դա, բակն անբարեկարգ է՝ կեղտի ու փոշու մեջ կորած, իսկ անձրեւների ժամանակ ցեխակույտի է վերածվում։

Ամենատխուրը, սակայն, Էջմիածնի հիվանդանոցի վիճակն է։ Պետությունը 1 մլրդ 400 մլն դրամ է հատկացրել՝ բուժկենտրոնի 4 մասնաշենքերը վերակառուցելու եւ մեկն էլ կառուցելու համար։ Կառուցվող մասնաշենքը, որի շինարարությունը դանդաղ, բայց առաջ է գնում, նախատեսված է հիվանդանոցի վարչակազմի համար։ Իսկ հիմնական մասնաշենքն անցած տարվանից քանդել են՝ այդպես էլ թողել։ Մասնագետները քանդման փուլում են «բացահայտել», որ ամրացումը շենքին չի փրկի․ այն պետք է հիմնահատակ քանդել եւ նորը կառուցել։ Այսինքն՝ նոր շենքի նախագիծ-նախահաշիվ կազմելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը հավելյալ ֆինանսավորում է ենթադրում։ 

Եվ մինչ կառավարությունը կորոշի՝ հիվանդանոց կառուցելու համար լրացուցիչ գումար հատկացնել, թե ոչ, հնարավորություն ունեցող պացիենտները գերադասում են բուժվել մայրաքաղաքի բուժկենտրոններում։ Էջմիածնի հիվանդանոցի կանգուն մնացած միակ մասնաշենքը, որտեղ բուժանձնակազմն ու հիվանդներն «իրար գլխի» են լցված, այնքան էլ հարմարավետ չէ` կորցրած առողջությունը վերականգնելու համար։ 

Մեր տեղեկություններով, իշխանափոխությունից հետո Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, հիմնանորոգել էր հիվանդանոցի ընդունարանը, որը եւս քանդել են։ Նա, ի դեպ, պատրաստակամություն էր հայտնել` բուժհաստատության շենքն ամբողջությամբ վերակառուցել, բայց իշխանությունները թույլ չեն տվել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում