կարևոր
2083 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-19 11:33
Քաղաքական

5 սմ պետք է սալիկ շարեն, 3,5 սմ-անոց են արել, բա քանդել չտա՞մ․ «Հրապարակ»

5 սմ պետք է սալիկ շարեն, 3,5 սմ-անոց են արել, բա քանդել չտա՞մ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Մենք անդրադարձել էինք Ծաղկաձորի փողոցների անմխիթար վիճակին, ասֆալտապատման աշխատանքներին: Ամիսներ անց քաղաքում հանրապետական նշանակություն ունեցող փողոցներում գոնե 1 մետր ասֆալտ չի արվել: Ավելին՝ ճանապարհի փոսերն այնքան են խորացել, որ բնակիչներից մեկն ասաց. «Եթե ավտոմեքենան անզգույշ վարես, փոսը կընկնես: Օրեր առաջ առաքիչի մեքենան ընկավ փոսը, ահավոր վիճակ ա, գործի ո՛չ սկիզբն ա երեւում, ո՛չ էլ՝ վերջը: Հենց քաղաքապետարանի դիմացի փողոցն ամեն օր վթար ա տեղի ունենում, կա՛մ կոյուղին ա վթարվում, կա՛մ խմելու ջուրը: Էս տեմպերով էս տարի աշխատանքները չեն վերջացնի»:

Մինչ բնակիչները բորբոքված բողոքում են, քաղաքապետը ողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդում է շինարարական կազմակերպության վրա: Ծաղկաձորի համայնքապետարանը գրեթե ոչ մի շինարարական ընկերության հետ չի կարողանում աշխատել: Քաղաքապետ Նարեկ Հարությունյանը փորձում է մեզ համոզել, որ մեղավոր են շինարարական ընկերությունները, քանի որ աշխատանքները վատ են կատարում: Բանն այն է, որ քաղաքապետը ոչ միայն ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության հետ է պայմանագրեր լուծարել, այլ նաեւ քաղաքում իրականացվող մի քանի աշխատանքներ եւս կանգ են առել: «Գիշերն էլ են աշխատում տեխնիկաները, ճանապարհահատվածների քանդման աշխատանքները կատարվում են գիշերը: Արդեն իսկ Օրբելու, Չարենցի եւ Օլիմպիական փողոցների եզրաքարերն ամբողջությամբ շարված-ավարտված են: Մնացել են միայն հողային աշխատանքները, որը գիշերով ենք անում, որ երթեւեկությանը չխանգարի: Հողային շերտը հանում ենք, ըստ շինարարի՝ 10 օրվա ընթացքում, որտեղ որ հիմա քանդված է, առաջին շերտի ասֆալտն արդեն փռվելու է»,- ասում է Հարությունյանը:

 - Պարոն Հարությունյան, կա՞ գոնե 1 փողոց, որտեղ ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են:

- Ամբողջը քանդում են՝ վերեւից սկսել են, որ վերջացնեն: Ընթացքում խնդիրներ են առաջանում, միայն քաղաքապետարանի փողոցում 4 վթար տեղի ունեցավ` ջրի գլխավոր մագիստրալի հետ կապված, ինչ-ինչ պատճառներով մակերեւույթից ցածր է գտնվում, ու ցուրտ քաղաքում անընդհատ վթարներ են տեղի ունենում, որը զադերժկա է անում:

- Տեղյա՞կ եք, թե այս օրերին քանի ավտոմեքենա է ընկել ճանապարհի երկայնքով փորված հսկայական փոսերի մեջ:

- Չէ, տեղյակ չեմ, վիճակագրություն չունեմ, բայց ժամանակավոր է, ոչինչ: Քաղաքի կոմունիկացիաները փոխվեցին, ունենք նոր կոյուղագիծ, որը միանում է Հրազդան գնացող գլխավոր դիտահորին: Այդ մասով նախագծային արժեքը կազմել է 700 մլն դրամ: 1-ին եւ 4-րդ լոտերի մասով ավարտին ենք հասցրել, մյուս 2 լոտերի հետ կապված խնդիրներ կան, աշխատանքները նորմալ չեն իրականացվել, պայմանագիրը լուծարել ենք, դա չի խանգարում ներկայիս ասֆալտապատման աշխատանքներին:

- Չե՞ք դժվարանում ոտքով աշխատանքի վայր հասնել:

- Չէ, մեքենան ներքեւի մասում է կանգնած, ոտքով եմ գալիս:

- Պարբերաբար Ձեր խոսքում նշում եք, որ շինարարի հետ խնդիր եղավ, պայմանագիրը լուծարեցիք․ միայն Ձեր համայնքում են նման խնդիրներ ծագում, ինչո՞ւ:

- Ես ընդհանրապես գնումներով չեմ զբաղվում, մենակ հանձնարարական եմ տալիս, տեղադրվում է, շինարարական կազմակերպությունների հետ կապ չունեմ: Սուրբ Հարություն եկեղեցու մոտ շատ գեղեցիկ պատ պետք է կառուցվի, քաղաքի համար շատ գրավիչ վայրերից մեկն է: Վերջերս շինարարն աշխատանքներ սկսելուց պատը նորմալ վիճակով չէր արել, քանդել տվեցինք: Կամ՝ քաղաքի հրապարակը, Օրբելու թանգարանին հարող հատվածը․ նախագծով տրված է, որ 5 սմ պետք է սալիկ շարեն, 3,5 սմ-անոց են արել: Հիմա բա քանդել չտա՞մ: Համայնքային միջոցները հո չե՞նք վատնելու: Էսօր երկրորդ պայմանագիրն եմ լուծարելու՝ հրապարակի շինարարի հետ, նորից աշխատանքները լավ չի արել, 2022 թվականի դեկտեմբերին պետք է ավարտած լիներ, բայց մինչեւ հիմա չի արել:

- Փաստորեն, հաճախ եք շինարարական ընկերությունների հետ խնդիրներ ունենում:

- Որովհետեւ որակ չեն ապահովում, դրա համար քանդել եմ տալիս, պայմանագիր եմ լուծարում, նորմալ չեն անում, դրա համար էլ այս վիճակն է: Մենք որակ ենք պահանջում, հետեւողական ենք 24 ժամ, որ աշխատանքները նորմալ կատարեն:

- Վերջերս վարչապետը Ծաղկաձոր այցելեց, շրջեց քաղաքում, գո՞հ էր այս վիճակից:

- Տեղում ներկայացրինք ամեն բան, վարչապետն ասաց, որ ճիշտ որոշում ենք արել, պետք է կոմունիկացիաները փոխվեին, նոր ասֆալտ արվեր: Դա է ճիշտը, մեր գյուղերում էլ էդպես ենք անում, հիմա նեղություն ենք տալիս թե՛ տնտեսվարողներին, թե՛ մարդկանց, բայց այս իրավիճակը մի օր պետք է լիներ, հո չե՞նք կարող ամեն տարի ասֆալտ անել:

ՀԳ․ Նշենք, որ Ծաղկաձորի համայնքապետարանում եւս բուռն վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Իսկ մի խումբ մտավորականներ օրերս բաց նամակ էին հղել հանրությանը, որտեղ խոսվում էր անտառահատման մասին եւ կոչ էր արվում «փրկել Ծաղկաձորը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում