կարևոր
2734 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-19 18:05
Քաղաքական

Հայ ժողովուրդը պետք է թույլ չտա Հայաստանի ուկրաինացում․ Արեգնազ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին

«Սիրելի՛ ժողովուրդ,

Նիկոլ Փաշինյանը խաբել ու խաբում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Սկսած արագաչափերից մինչև մայրաքաղաքային տրանսպորտի գնի թանկացում, գազի գնից մինչև խաղաղության ապահովում նա ասել ու արել է հակառակը: Հայաստանում կյանքը թանկացել է, մարդու կյանքը՝ էժանացել: 

Փաշինյանը խաբեց ու եկավ իշխանության: Ասաց՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Հիմա էլ ասում է՝ կա՛մ ես Հայաստանում կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի:

Նա Հայաստանը դարձրել է առևտրի առարկա: Մինչ այդ Արցախն էր հանել վաճառքի: Ու վաճառեց:  Խոստացավ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացում, հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, բայց Արցախը հանձնեց Ադրբեջանին, արցախցիներին էլ դարձրեց փախստական:

Ինչ մնում է Հայաստանին, ապա հիմա այն դրված է Ռուսաստան-Արևմուտք, Իրան-Արևմուտք հակամարտության զոհասեղանին:

Փաշինյանը խաբում է, թե, իբր, խաղաղության խաչմերուկ է դարձնում Հայաստանը: Դրա գինը նա նշանակել էր Արցախը: Ասում էր՝ մինչև Արցախը չհանձնենք Ադրբեջանին, Հայաստանը խաղաղ չի կարող ապրել:

Այժմ խաղաղության գին է նշանակված Ադրբեջանի մյուս պահանջների բավարարումը՝ Տավուշի գյուղերը, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի տարածքների կտրատումը: Նաև՝ Ալիևին հաճո սահմանադրության ընդունումը։

Փաշինյանի քարոզչաթիմը խաբում է, թե, իբր, մեր անվտանգության երաշխավորը կարող են դառնալ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն։ Բայց դրա համար պետք է թշնամանալ Ռուսաստանի ու Իրանի հետ:

Թե ինչպես է ՆԱՏՕ-ն խաղաղություն ու անվտանգություն ապահովում և որքանով է պատրաստ թուրքական կամ ադրբեջանական ագրեսիայի դեմն առնել, տեսել ենք Հյուսիսային Կիպրոսում, Սիրիայում, Ուկրաինայում: Դրանից առաջ տեսել էինք նաև Վրաստանում:

Փաշինյանի արևմտամետությունն իրականում թուրքամետություն է: Արևմուտքը չի էլ թաքցնում, որ իր խնդիրը ոչ թե Հայաստանին պաշտպանելն է, այլ Հայաստանի հաշվին Ռուսաստանին վնասելը, Իրանի դեմ պլացդարմ սարքելը։ Փաշինյանը պատրաստ է մինչև վերջին հայը պայքարել ու զոհաբերել Հայաստանը՝ աշխարհաքաղաքական խաղերում: Նա դրա անունը դրել է «ինքնիշխանություն» և աճուրդի հանել նույն այդ ինքնիշխանությունը՝ հանուն սեփական կաշվի փրկության:

Հայաստանյան այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հայտարարությունը՝ Փաշինյանի լուռ համաձայնությամբ, վառ վկայությունն է այն բանի, թե ինչպես է Փաշինյանը Հայաստանը դարձնում զոհաբերվող խաղաքարտ՝ ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունում։

Հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի այլոց ու սեփական պատմությունից և թույլ չտա Հայաստանի ուկրաինացում: Դրա թիվ մեկ նախապայմանը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է: Փաշինյանի ու Հայաստանի շահերը խոր հակասության մեջ են: Իրական խաղաղության հասնելն ու անվտանգության ապահովումը պետք է սկսել ներսից»:
Մանրամասն՝ տեսանյութում։