կարևոր
2143 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-10 12:57
Քաղաքական

Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Hetq.am –ը գրում է․

Իրաքի Էրբիլ քաղաքում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս, արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Օլիվիե Դեկոտինին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիրը Դեկոտինիի նշանակման մասին ստորագրվել է հուլիսի 6-ին և հրապարակվել Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում։

Նորանշանակ դեսպանն իր լիազորությունների կատարմանը կանցնի հուլիսի 21-ից։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Անն Լույոյին, որը Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2021 թվականի օգոստոսից։

Սովորաբար, Ֆրանսիայի դեսպանները պաշտոնավարում են 3 տարի։ Անն Լույոյի պաշտոնավարման երրորդ տարին լրանալու էր 2024 թվականի օգոստոսին։ Սակայն նոր դեսպանը նշանակվում է Լույոյի պաշտոնավարման ավարտից մեկ տարի շուտ։ «Արդյոք Անն Լույոն հետ է կանչվել»,- հարցրինք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի կցորդ Տաիսիա Հովհաննիսյանին։ «Դեսպանը անձնական պատճառներից ելնելով է ժամանակից շուտ գնում»,- պարզաբանեց նա։

Օլիվիե Դեկոտինին կարիերային դիվանագետ է և Սորբոնի համալսարանի շրջանավարտ։ 2012-2015 թվականներին եղել է Իրանում ֆրանսիական դեսպանության երկրորդ խորհրդական, վերլուծություններ է գրել Իրանի միջուկային ծրագրի և Իրանի տարածաշրջանային քաղաքականության թեմաներով, որոնք հրապարակվել են նաև The Washington Institute-ում։ Մինչ այդ, Օլիվիե Դեկոտինին աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում՝ զբաղվելով Լիբիայում, Բալկաններում և Կովկասում ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի գործողություններով։ 

Իրաքի Էրբիլ քաղաքում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի պաշտոնում աշխատելու տարիներին նա ակտիվորեն ներգրավվել է Իրաքյան Քուրդիստանի հասարակական կյանքում՝ մասնակցելով հասարակական տարբեր միջոցառումների, մշտապես հանդիպումներ ունեցել քրդաբնակ շրջանի ղեկավարության հետ։