Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հրապարակախոս, վերլուծաբան, «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի մեկնաբանությունը artsakhtert.am-ին` բանակցությունների վերջին փուլի, Արցախի ժողովրդի համար միջազգային երաշխիքների, միջազգային դիտորդների և այլնի մասին:
-Բանակցությունների վերջին փուլն ինչպե՞ս կմեկնաբանեք: Ի՞նչ դրական տեղաշարժի մասին են խոսում կողմերը:
-Դրական տեղաշարժի մասին խոսում է Վաշինգտոնը, բայց միաժամանակ հաստատում, որ կան առանցքային խնդիրներ, որոնց շուրջ դեռեւս չի գոյացել համաձայնություն։ Ավելին, Բլինքենը պարզեցրեց, որ երկար ժամանակ է պահանջվում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատելը։ Կարծում եմ, թե՛ Արցախի ուղղությամբ եւ թե՛ Հայաստանի հետ սահմանազատման խնդրով կան հիմնական կետեր, որոնց շուրջ չկա համաձայնություն։
-Ադրբեջանը շարունակում է Արցախը շրջափակման մեջ պահել, ռազմական սադրանքներ է իրականացնում, ագեսիվ հռետորաբանություն օգտագործում: Արդյո՞ք Արևմուտքը կարծում է, որ Ադրբեջանը խաղաղության, կառուցողական բանակցությունների կողմնակից է:
-Ոչ միայն Արևմուտքը, այլև, ընդհանրապես, միջնորդ պետությունները քաջ գիտակցում են Ադրբեջանի ապակառուցողական դիրքը, ռազմաշունչ հռետորաբանությունը եւ եռակողմ համաձայնությունն անվերջ խախտելու հանգամանքը։ Խնդիրն այն է, որ նրանց նպատակը ոչ թե Արցախի հակամարտության հանգուցալուծումն է, այլ տարածաշրջանում ազդեցության գոտիների պահպանումը կամ նվաճումը։
-Եթե Ադրբեջանն Արցախն ուզում է տեսնել ինտեգրված, զինաթափված, հնարավո՞ր է բանակցային գործընթացում նա որևէ զիջման գնա:
-Ադրբեջանը փորձում է ստանալ առավելագույնը։ Բայց կան արգելակիչ պայմաններ։ Մոսկվան ուզում է երկարաձգել Արցախում խաղաղապահ առաքելությունը, Իրանը կարմիր գիծ է հայտարարում իր սահմանի փոփոխությունը ՀՀ-ի հետ, իսկ հավաքական Արևմուտքը առաջադրում է միջազգային գործիքակազմի ներդրում Արցախում՝ անվտանգության և իրավունքների պաշտպանության համար։ Այս բոլորը, ըստ էության, արգելակիչ նախադրյայլներ են Ադրբեջանին՝ ստանալու իր առաջադրածները։
– Միջազգային երաշխիքներ Արցախի ժողովրդի համար: Ի՞նչ լույսի տակ է այս հարցը քննարկվում: Ի՞նչ ասել է միջազգային երաշխիք:
– Ընդհանրապես, հավաքական Արևմուտքի ձևակերպումն է և համակարգված Վաշինգտոնի եւ Բրյուսելի կողմից։ Միջազգային երաշխավորություն ասելով ԵԽԽՎ-ի բանաձևը բացեց որոշ փակագծեր եւ խոսեց չեզոք ներգրավումների անհրաժեշտության մասին՝ ակնարկելով անգամ ՄԱԿ-ի հաստատություններին։ Ի դեպ, ուշագրավ էր նաև Զախարովայի հայտարարությունը, որի համաձայն՝ ՄԱԿ-ը կարող է նպաստել խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Միջազգային երաշխիքներ ասելով քաղաքականորեն պետք է ընկալել հակակշիռ գործողություն ՌԴ-ի միջնորդական երաշխիքներին։
-Բանակցություններում Հայաստանը շեշտը դնում է սկզբունքների վրա, Ադրբեջանը՝ շահերի: Որտե՞ղ են հատվում սրանք:
-Ադրբեջանի պահանջները կապ չունեն փոխզիջումնային հնարավորությունների հետ։ Բաքուն փաստում է, որ պատրաստ չէ հարգելու եռակողմ պայմանավորվածությունները։ Ինչպե՞ս բանակցել խաղաղության համաձայնագրի կետերի շուրջ, երբ Բաքուն չի հարգում մինչ այդ համաձայնվածը՝ ռազմագերիներին չի հանձնում եւ շրջափակել է Արցախը։ Սրանք ոտնահարում են եռակողմ համաձայնագիրը։ Այս առումով ընկալելի է Արցախի Ազգային ժողովի կոչը՝ դադարեցնելու բանակցությունները։ Կարծում եմ, ներկա տվյալները նկատի ունենալով, պետք է բանակցել միայն եռակողմ համաձայնություններն իրականացնելու ուղղությամբ. առաջին հերթին՝ Արցախի ապաշրջափակման օրակարգի շուրջ։
-Հայկական լոբբին որքանո՞վ է ընդգրկված Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների մեջ:
-Հայկական լոբբին աշխարհի տարբեր երկրներում եւ հատկապես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրներում կենտրոնացել է Արցախի ապաշրջափակման օրակարգի վրա. դրա ապացույցն է ԵՄ անդամ երկրներից հասցեական եւ մեղադրական հայտարարություններն ուղղված Ադրբեջանին՝ պահանջելով անհապաղ բացել միջանցքը։ Կամ՝ ԱՄՆ բազմաթիվ կոնգրեսականների հայտարարությունները միևնույն պահանջով։ Այստեղ՝ Լիբանանում, Հայ Դատի հանձնախումբը դեսպանների հետ տեսակցում է եւ արծարծում նույն պահանջը՝ բացահայտելով Ադրբեջանի էթնիկ զտում իրականացնելու ծրագրերը։
-Միջազգային դիտորդների ներկայությունն Արցախում որքանո՞վ է հավանական:
-Ամբողջ հանգույցը կամ պարանաձգումը հետևյալ բանաձևն ունի։ Մոսկվան աշխատում է երկարաձգել խաղաղապահ առաքելության ժամկետը, Հավաքական Արևմուտքը առաջադրում է դետեր ուղարկել կամ նոր գործիքակազմ ներդնել՝ երաշխավորելու համար անվտանգությունն ու Արցախի ժողովրդի իրավունքները։ Սա միջնորդական կամ երաշխավորման աշխարհաքաղաքական հակամարտություն է։ Չկա կոնսենսուս, որը նշանակում է ստատուս քվոյի երկարաձգում, ինչից անհանգիստ է Բաքուն, դրա համար շտապում է։
Գայանե Գևորգյան