կարևոր
2392 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-29 17:12
Քաղաքական

ԵԱՏՄ մաքսավորները կարգավորել են հայտարարագրման և մաքսային հսկողության մոտեցումները

ԵԱՏՄ մաքսավորները կարգավորել են հայտարարագրման և մաքսային հսկողության մոտեցումները

Բելառուսի Վիտեբսկի մարզում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների Մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի նիստի մասնակիցները հաստատել են մաքսային հայտարարագրման և վերահսկման ընդհանուր մոտեցումները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Բելառուսի պետական ​​մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով նիստի արդյունքները։

«Միջոցառմանը համաձայնեցվել են 20 հարցերի շուրջ գործողությունները, որոնք օրակարգ էին մտցրել բոլոր մաքսային ծառայությունները: Կանոնավորվել են միասնական մոտեցումները, որոնք վերաբերում են մաքսային հայտարարագրմանը և մաքսային հսկողության իրականացմանը, մաքսային հայտարարագրերի լրացմանը, ապրանքների դասակարգմանը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը», - ասված է հաղորդագրության մեջ։

Նիստի ընթացքում առանձին ուշադրություն է նվիրվել էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը, որոնք հաջորդ տարվանից կօգտագործվեն ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում։

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովն ընդգծել է, որ «ԵԱՏՄ-ն ունի միասնական մաքսային տարածք, և չկան ներքին մաքսային սահմաններ»։

«Ուստի, որպեսզի բոլոր երկրները տնտեսական տեսանկյունից հավասարապես զարգանան, պետք է ապահովվի միասնական մաքսային վարչարարություն բոլոր սահմաններին», - ասել է նա։

Կոլեգիայի նիստին, Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներից բացի, մասնակցել են Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քարտուղարության և Մաքսային օրենսդրության վարչության ղեկավարությունը: