Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանը համայնքային երկիր է, և նախագահի ընտրության հարցում անպայման պետք է լինի կոնսենսուսային թեկնածու, որպեսզի առանց դժվարության ապահովվի ձայների այդքան անհրաժեշտ մեծամասնությունը։ Եթե չգոյանա միջհամայնքային այդ համաձայնությունը, ապա երկրում կարող են լինել ներքաղաքական ցնցումներ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Լիբանանի նախագահական ընտրությունների արդյունքներին։
Լիբանանի պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարում էին Ջիհադ Ազուրը, ով 2005-2008 թթ.-ին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, և «Ալ-Մարադա» քրիստոնեական կուսակցության առաջնորդ, ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Թոնի Ֆրանժիեն: Այսօրվա նիստում թեկնածուների միջև ավելի սուր պայքար ծավալվեց։ Ազուրը ստացավ 59 քվե, իսկ Ֆրանժիեն՝ 51 քվե։ Վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է 85 քվե։
Ապագայում խորհրդարանի նախագահը ևս մեկ նիստ կհրավիրի՝ երկրի ղեկավարին ընտրելու օրակարգով։ Նիստի օրը դեռ ճշտված չէ։ Եկող շաբաթ սպասվում է Ֆրանսիայի հատուկ պատվիրակի այցը Բեյրութ։ Նա կհանդիպի քաղաքական հոսանքների ներկայացուցիչների հետ՝ ընդհանուր հայտարարի գալու և համագործակցության հանգելու ակնկալիքով։ Նախկինում խորհրդարանը բազմաթիվ նիստեր էր հրավիրել, սակայն այդպես էլ մեծամասնության քվեների բացակայության պատճառով չի հաջողվել երկրի նախագահ ընտրել։
«Ընտրությունների պարագայում կա նաև արտաքին գործոնը։ Համայնքները գտնվում են տարբեր տերությունների ազդեցության ներքո, որոնք շահագրգռված են լիբանանյան համապետական ընտրություններով։ Արտաքին ուժերի կողմից հեռակառավարվելը կունենա բացասական հետևանքներ, եթե գլխավոր խաղացողների միջև չլինի ընդհանուր կոնսենսուս։ Իսկ եթե լինի այդքան սպասված համաձայնությունը, ապա շատ արագ այդ հանգամանքը դրական ազդեցություն կունենա ներլիբանանյան քաղաքական շրջանակների վրա»,- ասաց Գանտահարյանը։
Նրա տեղեկացմամբ՝ խորհրդարանի վեց հայ պատգամավորների միջև միասնական թեկնածուի շուրջ նույնպես չկար կոնսենսուս։ Հայկական համայնքի մոտեցումը միշտ եղել է այն, որ հարցերը պետք է լուծվեն համախոհաբար, պետք չէ գնալ առճակատման, որովհետև նախագահի ընտրությունը լոկ մեծամասնության որոշելիքը չէ, այդ հարցում պետք է լինի միջհամայնքային համաձայնություն։ Երկրի ղեկավարի բացակայության պայմաններում կառավարությունը գործում է ոչ ամբողջական լիազորություններով, նրա մի մասը զբաղված է լոկ անցողիկ աշխատանքներով։ Ըստ Գանտահարյանի՝ խորհրդարանն անպայման պետք է ընտրի երկրի նախագահ, որպեսզի Լիբանանը վերադառնա կենսագործունեության բնականոն հուն։
«Ներքաղաքական ճգնաժամից բացի, Լիբանանը գտնվում է նաև տնտեսական ճգնաժամի մեջ։ Երկրի տնտեսությունը հիմնված է բանկային համակարգի և զբոսաշրջության վրա։ Հատկապես առաջինը հիմնովին խաթարվել է, մարդկանց հաշիվները սառեցվել են, նրանք չեն կարողանում նորմալ օգտվել իրենց քարտերից, ստանում են խիստ սահմանափակ գումարներ։ Ազգային տարադրամը զգալիորեն արժեզրկվել է։ Տնտեսականից զատ, կան նաև ածանցյալ խնդիրներ։ Այդուհանդերձ, ճգնաժամից դուրս գալու որոշ հեռանկարներ սկսել են ուրվագծվել և շուկան արդեն ինքնակառավարվում է»,- նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։
Գանտահարյանի փոխանցմամբ՝ տնտեսական ճգնաժամից, բնականաբար, տուժել է նաև հայկական համայնքը, որը լիբանանյան հասարակության բաղկացուցիչ մասն է, և եթե ճգնաժամի սկզբում բազմաթիվ հայեր հեռացան Լիբանանից, որոշ մասն էլ եկավ Հայաստան, ապա այժմ արտագաղթն այդքան մտահոգիչ ծավալներ չունի, թեև հայ երիտասարդները տակավին իրենց ապագան կապում են այլ երկրների հետ։