կարևոր
3352 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-02 18:08
Աշխարհ

Վրաստանում մահացել է իրեն Պուտինի մայր անվանող կինը

Վրաստանում մահացել է իրեն Պուտինի մայր անվանող կինը

Վերա Պուտինային հուղարկավորել են մայիսի 30-ին Մետեխի գյուղում։ Կինը պատմել է, որ 1950 թվականին ամուսնացած տղամարդուց՝ Պլատոն Պրիվալովից արտամուսնական որդի է ունեցել՝ Վովային։ Հետագայում ինքն ամուսնացել է վրացու հետ և որդու հետ տեղափոխվել Վրաստան, սակայն խորթ հոր հետ տղան յոլա չի գնացել, և նրան ուղարկել են Ռուսաստան հարազատների մոտ։ Այդ ժամանակվանից Վերա Պուտինան չի հանդիպել նրան։ Կինը պնդել է, որ որդուն ճանաչել է հեռուստատեսությամբ ՌԴ նախագահին տեսնելուն պես։

2003 թվականին եվրոպացի վավերագրական կինոգործիչները նրա մասին նկարահանեցին «Պուտինի մայրը» ֆիլմը։ Այդ ժամանակից ի վեր նրա պատմությունը հաճախ է քննարկվում Վրաստանի և արտերկրի լրագրողների կողմից: «Ես նրան հաճախ եմ տեսնում իմ երազներում։ Բայց նա չի ուզում խոսել ինձ հետ։ Ե՛վ կյանքում, և՛ երազում նա բարկանում է իմ արածի վրա։ Նա չի կարող ինձ ներել»,- ասել է Վերա Պուտինան բրիտանական Sun թերթին։

Ինքը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահը, երբեք հրապարակավ չի մեկնաբանել Վերա Պուտինայի խոսքերը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա ծնվել և մեծացել է Լենինգրադում Վլադիմիր Սպիրիդոնովիչի և Մարիա Իվանովնա Պուտինի ընտանիքում։ Երկուսն էլ մահացել են Վլադիմիր Պուտինի՝ պետության ղեկավար նշանակվելուց անմիջապես առաջ: