կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-05 17:40
Առանց Կատեգորիա

Այսօր բանաստեղծ, արձակագիր Արփի Ոսկանյանի ծննդյան օրն է

Այսօր բանաստեղծ, արձակագիր Արփի Ոսկանյանի ծննդյան օրն է
Այսօր բանաստեղծ, արձակագիր Արփի Ոսկանյանի ծննդյան օրն է:

 

Ոսկանյանը 2001-ին տպագրվել է առաջին՝ «Ծիկ» գիրքը, որում ամփոփված գործերը լայնածավալ քննարկումների ու քննադատության տեղիք են տվել գրական ու ոչ գրական մամուլում: Նույն թվին դարձել է ՀԳՄ անդամ: 2010-ին լույս է տեսել երկրորդ՝ «Անտերուդուրս» գիրքը, իսկ 2011-ին՝ «Ռոնալդինյոն և Մարադոնան» ֆուտբոլային հեքիաթը:

 

«ՍՄԻԼ» հիմնադրամի «1988» խորագրով պատմվածքների մրցույթում արժանացել է մրցանակի «Իմ անկախությունը» պատմվածքի համար: 2011-ին Համբարձում Համբարձումյանի հետ ստեղծել է «Գրողուցավ» գրական բլոգը, 2012-ին՝ համանուն կայքը: «Անտարես» հրատարակչության և «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2012»-ի մրցույթի հաղթողներից է:

                                           ***

Fantazia էն թեմայով

Ես հույս ունեմ, որ նա կկարդա այս շարքը

և կհրավիրի ինձ քննարկելու այն որևէ սրճարանում,

կպատվիր օղի, զեյթուն, կիտրոն,

- Լավ է, - կասի,

հետո կառաջարկի իր տուն տեղափոխվել

քննարկելու համար հանգիստ ու ավելի մանրամասն:

Եվ մինչ ես, կոնյակի բաժակը ձեռքիս,

կճեմեմ ֆուգաների ու տոկատաների հնչյունների ներքո'

ուսումնասիրելով նրա գրադարանը

արածող պախրայի հայացքով,

նա դուրս կցատկի պահարանի հետևից

սատիրի պես մերկ, կհամարձակվի վրաս և

քարշ տալով ինձ գրասեղանի մոտ'

ականջիս մեջ թաց կշշնջա.

- Շարքը, որ տպել ես, թույլ է,

Հիմար ոտանավորների մի բույլ է'

Սենտիմենտալ, ծեծված, կնիկական'

Առումներով թե թեմատիկ, թե ոճական:

Ես ինքնապաշտպանության փորձեր կանեմ'

ապացուցելով, որ ճշմարտությունը սիրում է ծեծվել,

ինչպես և' շատ կանայք, ու ոչ ոք

իրավունք չունի զրկել նրանց դրա իրավունքից,

և որ անիմաստ է բանաստեղծություն գրելը,

եթե սենտիմենտալ հիմարություններ

պիտի դուրս չտաս...

- Բանաստեղծություն գրելուդ իմաստը

Պարզ է' սիրահարությանդ փաստն է,

Բայց ձիդ Պեգաս չէ, ու Պառնասն անհաս է,

Սիրահարվելը քեզ, ջանիկս, շատ վնաս է:

Ես կմկկամ մատաղացու գառան նման,

կմկկամ ու կկերկերամ, թե սիրահարվելը

բանաստեղծություն գրելուց կարևոր է,

անհուն մանթռաժից

աչքերիս անկյուններում գոյացած

արցունքի կաթիլները կգլորվեն այտերս ի վար,

իսկ նա կտարուբերի գլուխը

և մարմին փշաքաղեցնող ձայնով կորոտա.

- Լսի'ր, որդի'ս, պատգամ որպես,

Դու իրավունք չունես գրել այսպես,

Միայն մեծ, հզոր, անձեռակերտ, անեղծ,

Տիեզերակործան ու տիեզերաստեղծ:

Եվ կնայի ինձ, ինչպես Պանտոկրատորը գմբեթատակից'

հղփացած օլիգարխի անթափանց, չնկատող հայացքով,

ձեռքս կտա իր ոսկեծայր «Parker»-ը,

- Գրի'ր, - կհրամայի,

ու կգրեմ նրա մարմնի վրա'

մեսրոպատառ,

լեզվով հեզաճկուն, հազարագանձ... Հայո'ց: