Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստան- Արևմուտք պատերազմը գործող իշխանությունների թեթևձեռքով տեղափոխվեց Հայաստան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Մեկն ասում է՝ կամ իմ հետ ես... մյուսն էլ ասում է՝ եթե իմ հետ չես, ես քո հետ անելիք չունեմ: Եթե իմ դեմ ես, ինձ հետ չս, եթե իմ հետ չես, իմ դեմ ես: Այ այս վիճակի մեջ է հայտնվել Հայաստանը, որը կործանարար է լինելու մեզ համար, ինչը մենք այսօր տեսնում ենք»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀԱՊԿ աշխատանքներին Արմեն Ռուստամյանը նշեց, որ ադրբեջանական զորքերը երբ Հայաստանի տարածք ներխուժեցին, ՀԱՊԿ-ը պատրաստ էր համապատասխան քայլեր ձեռնարկել և սպասում էր Հայաստանի արձագանքին.
«Հայաստանը քաղաքական գնահատական պահանջեց Ադրբեջանի գործողություններին` դա դարձնելով նախապայման ՀԱՊԿ-ի համար։ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չեն կարող լինել ավելի հայ, քան մենք։ Միջնորդի դերում հանդես եկեղ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում, եթե դու գնում ասում ես՝ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ արդեն թվերով ես արձանագրում, միջնորդը ո՞նց պետք է պաշտպանի այն հարցը, որ այդ տարածքային ամբողջականության մեջ չպետք է լինի Ղարաբաղը: Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ էլ ՀԱՊԿ-ն ասել է՝ ես պատրաստ եմ իմ բոլոր միջոցներով ներկա գտնվել, սպասում ենք Հայաստանի արձագանքին: Հայաստանն էլ արձագանքում է այնպես, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Քաղաքական գնահատական պահանջելը նախապայման դարձնելը շատ սխալ է: Նախ դու պետք է քո անվտանգությունն ապահովելու քայլերն անես: Պարզ չի՞, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք կարող են դրան դեմ լինել։ Այդ կառույցը կոնսենսուսային եղանակով է գործում, մի՞թե դա նորություն էր Հայաստանի համար։ Այն երկրները, որ դեմ են, թույլ չեն տալիս, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,-ասաց Ռուստամյանը։
Պատգամավորը կոչ արեց դուրս գալ բոլորին մեղադրելու մոտեցումից. «Մենք պետք է հասկանանք, թե մեր անելիքը որն է: Եթե մենք չփորձենք մեզ պաշտպանել, ոչ ոք մեզ չի պաշտպանելու: Մենք մեզ ներսից ու դրսից թուլացրել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ ոչ ոք մեր կողքին կանգնած չէ։ Եթե դու այդպիսի հայտարարություն ես անում, քո ֆիասկոն ես արձանագրում, բա ԱԳՆ-ն ինչի՞ համար է, եթե պետք է հայտարարես, որ ոչ ոք քո կողքը կանգնած չէ»:
Ընդդիմադիր գործիչն անդրադարձավ Բրյուսելյան եռակողմ հանդիպմանը՝ նշելով, որ Բրյուսելյան բանակցություններում չի տեսնում Հայաստանի շահածը․
«Ես այդ բանակցություններում տեսնում եմ Ադրբեջանի շահածը. Միակը այն էր, որ գերիներին պետք է ազատ արձակել, այն էլ վաղուցվա պահանջ էր, որը պետք է իրականացվեր անկախ այս համաձայնությունից: Այսօր Ադրբեջանի կողմից ավելի մեծ պահանջ է անտեսվել, միջազգային դատարանի որոշումն է անտեսվել, դրա մասին մի ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը: ԵՄ արժեհամակարգը պաշտպանող գլխավոր անձանցից մեկը այս պայմանները համարում է նորմալ: Հայաստանն է դա համարում նորմալ, բա մի տող չեք ուզո՞ւմ գրեք, որ ժողովուրդն այնտեղ արնաքամ է լինում: Եթե այդ հարցը չի լուծվել, ոչ մի հարց էլ չի լուծվել»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ Նիկոլն ինքն իր հնարքի տակ է մնացել, երբ հայտարարեց՝ մենք Հայաստանի 29 800 քառակուսի կմ-ի համար ենք պայքարում, Ադրբեջանն էլ ասաց՝ ես էլ տարածքների թիվ ունեմ, դա էլ նշեք՝ 86 600․
«Երբ դա նշում եք, պարզ է դառնում, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Եթե մենք դրան համաձայնում ենք, եթե Նիկոլը վեր է կենում և հստակ ասում այն պահանջը, որը Ալիևն է դրել իր առաջ, որ պետք է ասես՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»… Մենք մոտեցել են դրան, մի օր դա հստակ ասվելու է: Արդեն ասված է, ըստ էության, ովքեր հասկանում են, արդեն հասկացել են դա: Մյուսները պետք է թմբիրից դուրս գան: Հայաստանն այդ գիծն է տանում, որ տանք Արցախը՝ փրկենք Հայաստանը: Այսօր մենք հայության բոլոր ռեսուրսները պետք է մոբիլիզացնենք, եռամիասնությունը պետք է օր առաջ վերականգնվի, իսկ դա չի կարող կայանալ հանձնվելու գաղափարի շուրջ, պետք է կայանա պայքարի գաղափարի շուրջ: Պետք է գան ուժեր, որոնք կարող են պայքար տանել: Պետք է հասկանան, որ եթե չկա պայքար, կա ինքնասպանություն եւ ինքնաոչնչացում»,-ընդգծեց Ռուստամյանը: