Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ Դաշնակցությունը քառյակում էր, և երբ նրա մարտավարությունը մերժվեց և որդեգրվեց ՀԱԿ-ի մարտավարությունը, այդ միությունը տրոհվեց. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ընդհանրապես, Դաշնակցությունը չի կարելի ընդդիմության կամ իշխանության պրիզմայով նայել, Դաշնակցությունն իր բոլոր տեսակետները պահպանել է` անկախ նրանից` ընդդիմության մե՞ջ է եղել, թե՞ իշխանության: Դրա մասին է խոսում մեր անցած ճանապարհը: Սա ոմանց անհանգստացնում է, բնականաբար, և այն մաքսիմալիզմը, ոչ իրատեսկան խնդիրներն ու նպատակները, որ ձևավորել են ընդդիմադիր որոշ գործիչներ, և այդ պատճառով հենց ընդդիմությունն է այսօր դարձել անգործունյա, այ, սա մտահոգության տեղիք է տալիս»,- ասաց նա` հավելելով. «Փոխանակ նրանք իրենց մեջ մեղքը տեսնեն, ինչպես միշտ փորձում են ուրիշների մեջ մեղքը փնտրել և հեշտությամբ «գտնում են», բայց դրանից գործը չի փոխվում: Ես չգիտեմ` նրանց` դատարկությունը լցնող առաջարկները մինչև հիմա որոնք են եղել»:
Հարցին` իբրև ընդդիմադիր` դո՞ւք էլ էիք անգործունյա, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք հաջողել ենք քառյակի մեջ մինչև այն պահը, երբ աշխատում էր մեր մարտավարությունը, երբ միասին տասներկու կետ էինք հրապարակել: Նրանց հարցրեք դա: Էդ տասներկու կետերը մենք հիմա փորձում ենք իրականացնել այլ դաշտում»:
«Արդյոք, իրատեսակա՞ն է դա» հարցին, նա պատասխանեց, որ եթե իրատեսական չհամարեին, չէին մտնի այս գործի մեջ:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի` քաղաքական կամքին վերաբերող բազմաթիվ ելույթներ են եղել, որոնք կյանքի չեն կոչվել, կա՞ երաշխիք, որ այս անգամ կյանքի կկոչվեն դրանք, տրվե՞լ են, արդյոք, երաշխիքներ, Ռուստամյանը պատասխանեց, որ, այո, տրվել են այդ երաշխիքները: «Համաձայնագրի մեջ մի մասն արդեն երևում է, և ցանկություն ունեցողը կտեսնի: Գլխավորը քայլեր կան, որ պետք է կատարենք: Ես միշտ էլ ասել եմ, կողքից ինչ էլ ասես` կասեն, կհայհոյեն, բայց մեր ձեռքբերումներից կօգտվեն բոլորը»,- ընդգծեց նա:
«ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը բարի ցանկությունների տեքստ է հիշեցնում» դիտարկմանը, Ռուստամյանը պատասխանեց. «Եթե բարի ցանկություն է, թող գոնե ասեն`բարի է, ոմանք էլ ասում են` ընդհանրապես դատարկախոսություն է: Եթե բարությունը դատարկություն է, մարդիկ դեպի չարն են գնում: Բայց այդտեղ միայն բարի ցանկություններ չեն, այնտեղ կան քայլերի հետ կապված գործընթացներ, ծրագրեր, հետևողական գործողություններ, որոնք կոնկրետ ժամանակ են պարունակում»:
Հարցին` ի՞նչ է նշանակում «վերնայել ՀՀ վարչատարածքային բաժանումը, ձևավորել կայուն զարգացում» բնորոշումը, որը ներառված է հուշագրում, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ դրանք լուրջ բաներ են, և ընթացքում կերևան մանրամասները: «Կբերվի հստակ ռազմավարություն: Մենք կարծում ենք, որ պետք է վերանայվեն բաժանումները` մարզերի հետ կապված, ճիշտ սահմաններ պետք է ունենանք, անցում պետք է կատարվի, և այդ անցումը կամաց-կամաց կատարվում է: Նոր ձևով ձևավորել ավագանիները, համայնքները և այլն: Սրանց մասին է խոսքը: Երևանում ընտրվում է ավագանի, որից ձևավորվում է քաղաքապետարանը, իսկ վարչական տարածքների ղեկավարները նշանակվում են: Ես կարծում եմ, որ 950 համայնքը փոքր երկրի համար շատ է, պետք է համայնքների քանակը կրճատվի»:
Հարցին, թե Շիրակի մարզն ընդդիմադիր հայացքներով է աչքի ընկնում, դժվար չի՞ լինի այնտեղ ղեկավարել, Ռուստամյանը պատասխանեց. «Փոքր Հայաստանում որևէ տեղ տարբերություն դնելը ճիշտ ճանապարհ չէ: Մենք պետք է մտնենք դժվար գործերի մեջ: Դաշնակցությունը երբեք դժվարություններից չի խուսափել: Շիրակում իսկապես լուրջ, կուտակված հարցեր կան, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների մեծ մասը Շիրակում է, և մենք, գիտակցելով, գնում ենք դրան: Ավելի լավ է մենք գնանք, ինչ-որ գործ անենք: Ժողովուրդը իմաստուն է և կտեսնի` ով է մտնում պատասխանատվության տակ»:
Նա նշեց նաև, որ խորհրդարանում Արծվիկ Մինասյանին կփոխարինի ցուցակով հաջորդը: