կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-04 13:29
Քաղաքական

ԱԺ և կառավարության հանձնաժողովները պետք է լինեն այն ֆորմատը, որը որոշում է` ԸՕ որ նախագիծն է մտնելու ԱԺ. Արմեն Ռուստամյան

ԱԺ և կառավարության հանձնաժողովները պետք է լինեն այն ֆորմատը, որը որոշում է` ԸՕ որ նախագիծն է մտնելու ԱԺ. Արմեն Ռուստամյան

Խորհրդարանում մեկնարկել է Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ԱԺ և կառավարության հանձնաժողովները պետք է լինեն այն ֆորմատը, որը որոշում է, թե, ի վերջո, որ նախագիծն է մտնում ԱԺ, և սա պետք է որպես ելակետ ընդունել:

«Առաձին քննարկումներից հետո տվյալներն ամփոփում ենք, որն ընդունելի է, այն ընդունում ենք, որն ընդունելի չէ, չենք ընդունում, ապա ուղարկում ենք Վենետիկի հանձնաժողով, որտեղ եզրակացությունը հղկում են, և վերջնական ներկայացնում ենք ԱԺ, դնում շրջանառության մեջ»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ, այս ձևաչափով համաձայնեցված աշխատելով, բոլոր շահագրգիռ ուժերին հնարավորություն են տալիս  առաջարկություններ ներկայացնելու:

ՀՀԿ կուսակցությունը ներկայացնող Վիգեն Սարգսյանն առաջարկեց քննարկումներում ընդգրկել արտախորհրդարանական այն կուսակցություններին, որոնք մասնակցել են վերջին երկու խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին, նաև` «ուղղակի որպես ակումբներ գրանցված» ուժերի ներգրավումը համարեց ոչ նպատակահարմար:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովն արդեն աշխատում է և կոնկրետ առաջարկություններ ունի: «Գուցե ճիշտ կլինի ձևաչափը հեշտացնելու համար կառավարության ձևակերպված օրակարգը բոլորս միասին քննարկենք և ոչ թե առաձին օրակարգերով աշխատենք: Արդեն ունենք համամասնականի վերաբերյալ կառավարության կարծիքը, և, այդ կարծիքը անտեսելով, չքննարկելով, կարծում եմ` արդյունավետ չենք կարող առաջ գնալ»,- ասաց նա:

Բացի այդ, ըստ Բագրատյանի, արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները չպետք է սահմանափակում ունենան: «Ովքեր կցանկանան, կմասնակցեն»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց, որ մեծ մասամբ իրենց առաջարկները համընկնում են կառավարության օրակարգի հետ: «Որոշ վերապահումներ կան, բայց մեծ մասամբ համընկնում են, և նկատի ունեցեք` կառավարության օրակարգն է»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որպետք է հիմք ընդունել` ներկայացված օրակարգը կառավարության աշխատանքային խմբի անձնական սկզբունքն է:

Լենա Նազարյանն առաջարկեց, որ 15 օր ժամկետ տրամադրվի արտախորհրդարանական բոլոր ուժերին, որոնք իրենց առաջարկությունները կուղարկեն ԱԺ, և ԱԺ հանձնաժողովը քննարկի դրանք:

ՀՀԿ-ն ներակայացնող Արփինե Հովհաննիսյանն էլ աջակցեց Նազարյանի առաջարկությունը: Այն ընդունվեց: