կարևոր
3514 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-04 16:08
Քաղաքական

Վաշինգտոնում քննարկվում է Արցախից ազատվելու արագացված ձևը․ Մետաքսե Հակոբյան

Վաշինգտոնում քննարկվում է Արցախից ազատվելու արագացված ձևը․ Մետաքսե Հակոբյան

Ալիևները շուրջ 30 տարի շարունակ միշտ արել են հայտարարություններ, սակայն մինչ 2018թ․ եղել են ՀՀ այնպիսի իշխանություններ, որ կարողացել են համապատասխան դիմադրություն ցույց տալ, բանակցային գործընթացում թույլ չտալ, որպեսզի հայտարարությունները, թեկուզ որպես երազանք, շոշափելի դառնան։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ալիևի հնչեցրած հայտարարություններին, ըստ որի՝ Հայաստանը պետք է հաստատի, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի՝ հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։

«Սակայն 2018-ից փոխվեց իրավիճակը և այդ ժամանակ արդեն արվող հայտարարություններին զուգահեռ ՀՀ իշխանությունների կողմից ևս հնչում էին չհակազդող, երբեմն նույնիսկ հավանություն տրվող հայտարարություններ, որը հնարավորություն ընձեռեց Ադրբեջանին լոկ հայտարարություններից անցել գործի, որի արդյունքում շոշափվում էր հայկական իշխանությունների աջակցությունը։ Երեկվա հայտարարությունը անհիմն չէր, որովհետև մենք բազմիցս փաստել ենք, որ հայտարարությունները իրար զուգահեռ են, եթե անում է Ալիևը անմիջապես հասատատում է մեր իշխանությունը, եթե Հայաստանի իշխանությունն է որևէ հայտարարություն անում ի վնաս Արցախի, ապա անմիջապես դա վերցնում է  Ադրբեջանի իշխանությունը և սկսում գործի վերածել»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ հիմքերը բավարար են, ոպեսզի Ալիևը տարբեր հարթակներում  նման հայտարարություն անի, որովհետև ՀՀ վարչապետը պաշտոնապես տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանաչում է Ադրեբաջնի տարածքային ամբողջականությունը․

«Երբ նրան տրվում է հարց, թե ինչպես է ինքը տեսնում այդ տարածքային ամբողջականությունը Արցախով, թե՝ առանց Արցախ, ապա հնարավոր բոլոր միջոցներով նա բարդում է այդ ամենը նախկինների վրա՝ կեղծելով, խեղաթյուրելով ողջ բանակցային գործընթացը։ Մենք վերջին ժամանակներում ականատեսն ենք լինում, թե ինչպես են խեղաթյուրված ներկայացվում Մադրիդյան սկզբունքները։ Բոլոր նպաստավոր պայմանները կան Ալիևի նման հայտարարությունների համար, ցավոք սրտի նա ունի նաև հնարավորություն խոսքից գործ դարձնելու։  Ցավով ենք հայտնում, որ մենք Հայաստանում ունենք ոչ պակաս թշնամի, ագրեսիվ տրամադրված հայկական ամեն ինչի նկատմամբ իշխանություն և սրանով է պայմանավորված այսօր Ադրբեջանի ձեռքերի ազատությունը և գործողությունները։ Այդ ամենի շահառուն այսօր Արցախն է, ոչ պակաս շահառու է դառնում Սյունիքը, Հայաստանը և հայ ժողովուրդը»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Անդրադառնալով Ալիևի մեկ այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցեն առանց միջնորդների, Մետաքսե Հակոբյանը ասաց․

«Միջնորդներով արված բանակցություններում մենք ականատեսն ենք, որ Ադրբեջանը կարողանում է հասնել իր ուզածին այն առումով, որ Հայաստանի իշխանությունները չունեն հակասություններ Ադրբեջանի առաջարկած որևէ պայմանի հետ և պատրաստակամ են կատարել բոլոր պահանջները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև՝ Թուրքիայի։ Դրանից ելնելով հասկանալի է, որ շատ ավելի ազատ կլինեն, երբ չլինեն այդ միջնորդները, որովհետև միջնորդները խոսում են այդ մասին, օրինակ ՌԴ Արտաքին գործերի նախարարը, երբեմն-երբեմն նախագահն է նաև խոսում այդ մասին, որ մենք անում ենք այնքանով, ինչքանով ՀՀ իշխանությունը տալիս է հնարավորություն, իսկ այս հնարավորությունները այն են, որ ՀՀ իշխանությունները տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում և իրենք տարածքային ամբողջականություն ասելով տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում։ Իրենք վաղուց հրաժարվել են Արցախից և այդ բոլոր գործիքակազմը տեսնում ենք Ռուսաստան-Ադրբեջան հարթակում։ Ադրբեջանի համար կան որոշակի դժվարություններ, որովհետև Ռուսաստանը ամեն դեպքում մեզ դաշնակից է և փորձում է էլի ինչ-որ բան մեզ համար անել։ Ստացվում է այնպես, որ Ադրբեջանը ավելի արագ կարող է լուծել այս հարցը, եթե չեզոքացնի բոլոր միջնորդ կողմերին»,- ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև Վաշինգտոնում արդեն մի քանի օր շարունակվող բանակցություններին՝ նշելով, որ  Վաշինգտոնում կայացվող բանակցություններում տեսնում են դիրքորոշումը Արևմուտքի, այն է՝ իրենք ալևս Արցախ չեն դիտարկում, Արցախի հարց չեն դիտարկում, տեսնում են էթնիկ փոքրամասնություն, որի իրավունքները պետք է պաշտպանված լինեն․

«ՀՀ-ն այդ հնարավորությունը տվել են բոլորին և՛ Արևմուտքին, և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային։ Այս իրավիճակում Ադրբեջանին մնում է ՀՀ իշխանություններին պոկել բոլոր միջնորդ կողմերից և արագացնելու նպատակով գնալ երկխոսության։ Մենք խոսում ենք միշտ փաստերով, երեկ՝ ԱԺ-ի դահլիճում, վարչապետը խոսեց այդ մասին՝ ասելով, որ իր քաղաքական գործունեությունն է ներկայացնում Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում, այդ բանակցությունները տեղի են ունենում իր հրահանգով, իր քաղաքական որոշմամբ։ Ասաց, որ կա փաստաթուղթ և հնարավոր է ամեն վայրկյան կարիքը լինի այդ փաստաթուղթը ստորագրելու, իսկ տեսնելով այդ բանակցության փոքրիկ ընթացքը, որ տրվում է  մեզ՝ ակնհայտ է, որ այնտեղ քննարկվում է Արցախից ազատվելու արագացված ձևը․ ինչպես շատ արագ ազատվել Արցախից։ Վարչապետի պահվածքից ակնհայտ էր, որ իրենք օր առաջ են ուզում դա անել։ Առավել պարզ է, թե այնտեղ ինչ  է կատարվում»,- նշեց նա։

Ընդդիմադիր գործիչը վստահ է, որ շատ ավելի լավ են տեսնում դա և այդ գործողությունները․

«Չնայած այն ամենին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում է, որ Արցախի իշխանությունները միշտ տեղեկացված են կատարվող գործընթացից Արցախի շուրջ, բայց ապրիլի 27 -ին ես հարց եմ ուղղել պետնախարարին՝ արդյո՞ք տեղակ  է այդ գործընթացներից, ինչպես հայտարարում է ՀՀ վարչապետը, ինքը առավել քան հստակ հայտարարեց, որ ինքը որևէ գործընթացից տեղյակ չէ, նույն բանը հաստատեց Արտաքին գործերի նախարարը, րոպեներ անց նաև ԱԺ նախագահը։ Այստեղ անում ենք ենթադրություն, որ Նիկոլ Փաշինյանը կամ ճիշտ չի ասում, կամ այդ կոնտակը երկու անձերի մեջ է։ Չեմ կարող հաստատել Արցախի նախագահը տեղյակ է, թե՝ ոչ, քանի որ չեմ կարողացել նրան այդ հարցը տալ։ Արցախի իշխանությունները կամք չունեն, որովհետև եթե ունենային կամք՝ հակազդած կլինեին և հանրային ձևով կասեին, որ իրենք որպես Արցախի իշխանություն, նախագահ արգելում են ՀՀ իշխանություններին նման քաղաքականության վարել։ Սակայն Արցախի իշխանությունները նույնպես չեն ուզում, որ տեղի ունենա Արցախի հանձնումը, սակայն հասկանալի է, որ նման իշխանություններով հնարավոր չէ առնել դրա դեմը»,- ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը։

Լ․Ա․