կարևոր
4558 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-02 22:35
Քաղաքական

Աղետալի է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը. այն ընդամենը 14% է․ Աշոտյան

Աղետալի է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը. այն ընդամենը 14% է․ Աշոտյան

Այսօր հայտնի դարձան ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին: Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

«Հետազոտությունը պարունակում է մի շարք կարևորագույն ապացույցներ այն մասին, թե ինչպես է վերաբերում Հայաստանի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին եւ իր վարէող քաղաքականությանը։

Եվ այսպես.

Հարցավածների 52%-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ և ընդամենը 36%-ն է կարծում, որ ընթացքը ճիշտ ուղղությամբ է:

Սա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ամենացայտուն գնահատականներից մեկն է:

Ի դեպ, բացասական վերաբերող քաղաքացիների թիվը վերջին՝ անցյալ տարվա հունիսյան հետազոտությունից հետո աճել է 10%-ով:

Հայ ժողովուրդը պայթեցնում է նաև Նիկոլի մյուս՝ «ժողովրդավար» փուչիկը. հարցվածների ընդամենը 17%-ն է բավարարված երկրի ժողովրդավարացման տեմպերով:

Հարցվածների 42%-ը դժգոհ է, իսկ 35%-ն ընդհանրապես որևէ ժողովրդավարական փոփոխություն չի տեսնում:

Ժողովրդավարությունը ներքին և արտաքին օգտագործման լալահառաչ բրենդ հռչակած Նիկոլի համար, այս ցուցանիշը, համաձայնեք, ուժեղ հարված է:

Հարցվածների 55%-ը չի հավատում «ապագա կա» դայլայլոցներին:

Հայ ժողովրդին հուզող առաջնային և կարևորագույն հարցն իհարկե, ՀՀ անվտանգությունն է ու սահմաններին տիրող իրավիճակը, սակայն 2-րդ, 3-րդ տեղերում՝ տնտեսության, գործազրկության, աղքատության ցուցանիշները ևս շառաչուն ապտակ են երկրի «երկնիշ» տնտեսական աճով հրճվող ուսապարկերի համար:

Աղետալի է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը. այն ընդամենը 14% է:

Այլ հարց է, որ ընդդիմության հայտնի դեմքերից ոչ-ոք ավելի բարձր ցուցանիշ չունի, սակայն Նիկոլի նման սոսկալի վարկանիշը վկայությունն է այն բանի, որ ուժեղ հանրային քաղաքական հայտ տվող ուժի պարագայում կա հանրության կողմից նման առաջնորդության (անձնական կամ թիմային) պահանջարկ:

Եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ՔՊ-ին ձայն կտար ընդամենը 21% -ը, Երևանում այդ ցուցանիշն էլ ավելի ցածր է՝ 17%:

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի առաջատարը ՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերում:

Բոլոր հանրային պետական կառույցներից ամենամեծ գոհունակությունը հայ ժողովուրդը հայտնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուց, ի հեճուկս ընդդեմ եկեղեցու իրականացվող լայնածավալ ու լկտի արշավի:

Ամենացածր վարկանիշն ունեն Նիկոլի քաղաքական ճնշումների գործիք դարձած Դատախազությունը, բռնազավթված Սահմանադրական դատարանը, բռնակցված դատարանները, նախավերջին տեղում խայտառակ ԱԺ-ն է, իսկ վերջին տեղում ՝ Նիկոլի դրածոյով ղեկավարվող ԲԴԽ-ն:

«Վարչապետի» գրասենյակի աշխատանքներից դժգոհությունը հասել է 61%-ի, իսկ ՄԻՊ-ից ՝ 45 %-ի:

Բանակի ղեկավարությունից դժգոհ է հարցվածների 74 %-ը, իսկ 69%-ը արձանագրում է ՀՀ կողմից ԼՂ նկատմամբ վարվող քաղաքականության հետընթաց:

Ի հեճուկս Նիկոլի պրոպագանդայի, հարցավածների կարծիքով Լաչինի միջանցքի փակումն այս կառավարության ամենամեծ մեղքերից ու անհաջողություններից մեկն է վերջին վեց ամսվա ընթացքում:

Կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի առաջընթաց տեսնում է ընդամենը 9%-ը, իսկ տեսանելի հետընթաց՝ 13%-ը:

Հարցվածների 41%-ը կոռուպցիան դիտարկում են լրջագույն խնդիր Հայաստանի համար ի հակադրություն Նիկոլի հակակոռուպցիոն «լոլոների», 32 %-ը դիտարկում է լուրջ խնդիր:

Այսինքն՝ հարցվածների 73 %-ի համար Հայաստանում առկա կոռուպցիան դիտարկվում է որպես լրջագույն խնդիր:

Ավելին՝ հարցվածների 39%-ը կարծում է, որ իշխանությունների կոռումպացվածության մակարդակը նույնն է մնացել, իսկ 21%-ը, որ անգամ ավելացել է:

Ի մի բերելով այս տվյալները կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի անձնական և քաղաքական վարկանիշը գահավիժել է:

1. Հայ ժողովուրդը Նիկոլին չի վստահում:

2. Հայ ժողովուրդը կարիք ունի նոր քաղաքական առաջնորդության:

3. Նիկոլի կողմից վարվող ոլորտային քաղաքականությունները, անկախ պաշտոնական զնգուլակավոր PR-ից, տապալված են:

4. Հայ ժողովրդի համար կարևոր են մնում ազգային հարցրեն ու ինստիտիուտները:

Մասնավորապես ՝ Արցախն ու եկեղեցին:

Հայ ժողովուրդն այլեւ չի ուզում Նիկոլ Փաշինյանին, բայց դեռևս չգիտի, թե ում է ուզում:

Հ.Գ. Ամբողջական հետազոտության հղումը՝ մեկնաբանությունների բաժնում»,- գրել է Աշոտյանը։