Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Ներկայացնում ենք ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԱԺ–ում՝ ամբողջությամբ.
Այսօր, երբ թշնամին քայլելով մտնում է սահմանամերձ գյուղեր, երբ լրանում է Լաչինի միջանցքի շրջափակման չորրորդ ամիսը, երբ Արցախում հումանիտար աղետն անհաղթահարելի մասշտաբների է հասնում, երբ Արցախի մեր քույրերն ու եղբայրները մենակ են թշմանու հանդիման, երբ շուտով կլրանա ՀՀ 180 քառ կմ տարածքների ադրբեջանական զորքերի կողմից օկուպացման երկրորդ տարին, երբ գրավված տարածքներին նորերն են ավելանում, երբ Բաքվի բանտերում հայ ռազմագերիներ են խոշտանգվում, երբ շարունակվում է Հայաստանի միջազգային մեկուսացումն ու սուվերենության անկումը, երբ երկիրը շագրենի կաշու պես կծկվում է, երբ Հայաստանի դեմոկրատիայի փքված փուչիկն ընդամենը էժանագին պոպուլիզմ է, երբ խաղաղության օրակարգը սին է, իսկ Հայաստանի անունից բանակցողը սեփական իշխանության համար պատրաստ է ցանկացած զոհողության, ԱԺ-ում քննարկվում է քաղաքական մեծամասնության ներկայացրած ՄԻՊ թեկնածուի հարցը։
Իրապես, կարևորագույն խնդիր և առաքելություն, եթե հաշվի առնենք նաև ԱՄՆ պետքարտուղարության վերջերս հրապարակված մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցը, որը մասնավորապես Հայաստանի համար առանձնացրել է՝ «անվտանգության աշխատակիցների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները կամ կալանավորումները, դատական համակարգի անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների նկատմամբ։ Զեկույցը շեշտում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի դատական համակագում, նաև առանձնացնում է ոստիկանական բաժանմունքներում շարունակական խոշտանգումների մասին հաղորդումները, որոնք, ի տարբերություն բանտերի և ոստիկանության կալանավայրերի, ենթակա չեն հանրային մոնիտորինգի:
Ես, իհարկե, առանց այս զեկույցի էլ քաջատեղյակ եմ, ականատես և վկա եմ եղել, թե ինչպես է ոստիկանական բաժնում իմ ներկայությամբ խոշտանգվել բերման ենթակված քաղաքացին։ Ես դեռ չեմ խոսում ոստիկանության կողմից միտինգների ժամանակ կիրառված անհամաչափ ուժի և բռնությունների մասին։ Նաև պատկերացնում եմ, եթե իմ ներկայությամբ էր պատկերն այդպիսին, ապա ինչպիսին է իրական պատկերը։ Արդյունքում՝ քաղաքական նկատառումներով կալանավորված և ձերբակալված ՀՀ տասյնակ քաղաքացիներ, այդ թվում նրանց առողջությանը և կյանքին հասցրած անվերականգնելի հետևանքներով։ Կալանավորվել են այլախոհները և ընդդիմադիրները, իսկ ոչ մի ոստիկան խոշտանգման հիմքով չի կալանավորվել և չի տարվել կալանքի։ Ես խոսում եմ մի իրականության մասին, երբ դուք Տկն Մանասյան, ինչ-որ պահից սկսած եղել եք դատախազի տեղակալ։
Այսպես, 2022թ․ հուլիսի 9-ն ՀՀ Դատախազին հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին։ Հունիսի 3-ին Բաղրամյան պողոտայից ոստիկանության կենտրոն բաժին արդեն խոշտանգված բերված և այնտեղ խոշտանգման ենթարկված քաղաքացուն անգամ իմ միջամտությամբ թույլ չի տրվել, որպեսզի բաժին եկած շտապ օգնության ծառայությանը առաջին օգնություն ցուցաբերերվի։ Դատախազությանն ուղղված իմ հաղորդման մեջ պատրաստակամություն եմ հայտնել տրամադրել ձեռքիս տակ եղած փաստերն, անգամ հարցաքննվել, բայց անգամ երկրորդ գրությունից հետո դատախազությունն այդպես էլ չի հետաքրքրվել ձեռքիս տակ ունեցած նյութերով։ 69109422 քրեական գործով հետագայում պարզվել է, որ քաղաքացին, որն անգամ հանրահավաքի մասնակից չի եղել, կալանավորվել է այսպես կոչված վկա ՊՊԾ ոստիկան Հրանտ Գոռի Խաչատրյանի սուտ ցուցմունքով, նաև խոշտանգվել նրա կողմից։ Եվ ոչ մի պատժված ոստիկան։
Մեկ այլ գործ՝ Գյումրու տատիկ֊պապիկների գործը։ Դարձյալ մեկ ոստիկանի ցուցմունքով քրեական գործ է հարուցվել Նիդեռլանդների քաղաքացի Հ․ Սարկիսյան նկատմամբ։ Եվ արդեն ամիսներ շարունակ ձդձգվող դատական նիստի պատճառով երիտասարդը չի կարողնում մեկնել իր բնակության վայր։
Վստահաբար, տեսականորեն դուք լավ գիտեք, որ Եվրոպական դատարանը, նաև ՀՀ վճռաբեկ դատարանը անթույկատրելի են համարում ոստիկանի, այն էլ մեկ ոստիկանի ցուցմունքով քաղաքացու կալանավորումը։
Ի դեպ, երեկ, ինչպես վկայում է մամուլը, դարձյալ մեկ ոստիկանի ցուցմունքով կալանավորվել է ազգությամբ եզդի Ֆայիզո Ազիզի Սնջոյանը, ըստ փաստաբանի Քրեական օրենսգրքով արգելված արարք չի կատարել։
Մեր բևեռացած, անհանդուրժող, արժեքային և անվտանգային բազմաթիվ սպառնալիքներ ապրող, պետական ինստիտուտների նկատմամբ հավատը կորցրած, աղետալի և ողբերգական իրականությունը մեջ հայտնված հասարակությանն, իրապես անաչառ ՄԻՊ է հարկավոր։ Ի դեպ, մենք ունեինք՝ բարձրագույն վարկանիշ ունեցող ՄԻՊ Թաթոյանին, որը սակայն ձեր քաղաքական մեծամասնության քիմքով չէր և քաղաքական բոլշևիզմը չհանդուրժեց նրան․․․
Տիկին Մանասյան, ձեր մասնագիտական կարողությունները կասկածի տակ չեմ դնում։
Բայց արդյոք դուք այն անձն եք, որ բավարար կամք և անաչառություն կդրսևորի պետական մարմիններից ու նրանց ապօրինություններից պաշտպանելու քաղաքացուն։ Ում կամ ինչի վրա եք հենվելու պաշտպանելու անձի, ՀՀ քաղաքացու հիմնարար ազատություններն ու իրավունքները՝ իրավունքի, թե քաղաքական հավատարմության։
Ի դեպ, փորձեցի ձեր՝ որպես իրավաբանի, մասնագիտական տեսակետը գտնել կարմիր բերետավորների բռնությունների, դատարանների շրջափակման, հեռախոսային արդարադատության, վնգստացող ու ծեփված դատավորների, վարչապետի սեռական բնույթի հայհոյախոսության, մուրճով քաղաքական հակառակորդներին լռեցնելու ու ահաբեկելու վերաբերյալ, այդպես էլ չգտա։
Տիկին Մանասյան, չեմ հավատում, չեմ հավատում ոչ ձեր խիզախությանը, ոչ էլ՝ անաչառ լինելու կամքին։ Եվ համոզումս հիմքեր ունի։ Դուք սելեկտիվ արդարադատություն իրականացնող դատախազության ներկայացուցիչն եք, երկրում ոստիկանապետությունը քաջալերող դատախազության և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը։
Ի դեպ, քաղաքական մեծամասնություն, Հայաստանի մինչև 2050թ․ վերափոխման ռազմավարության մեջ հպարտությամբ արձանագրել եք «Ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են»։
Եվ, այնուամենայնիվ, ինքներդ ձեզ հարց տվեք այդ ո՞ր ժողովրդավարութունը նկատի ունեք։ Գուցե քաղաքական բոլշրիզմը, որով սոսկ ձեր իշխանությունն եք ամրապնդում ու Հայաստանի մնացորդացից փոքրիկ բռնատիրություն կերտում։