կարևոր
2080 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 11:20
Քաղաքական

Ի՞նչ են թաքցնում հակասական «պարզաբանումներով». «Փաստ»

Ի՞նչ են թաքցնում հակասական «պարզաբանումներով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Փաշինյանի իշխանության նորանոր ներկայացուցիչներ են նետվում ասպարեզ՝ արդարացնելու համար իրենց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը թշնամու տրամադրությանը հանձնելու իրողությունը: Իրողություն, որ օրերս, կարելի է ասել՝ «օն-լայն հեռարձակմամբ», արձանագրվեց կոնկրետ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր հատվածում: Երեկ այդ «պարզաբանումային շքերթին» միացավ ԱԺ փոխնախագահի պաշտոնն զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը՝ փորձելով «հեփփիէնդային» մակարոնեղեն կախել հանրության ականջներից:

Ի՞նչն է բնութագրական ու հետաքրքրական միաժամանակ. թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա հրահանգները կատարող ԱԱԾ-ի, թե՛ նրա թիմակից Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները, իրենց մանրամասնություններով, հակասում են մեկը մյուսին: Այնուհետև իշխանական կոհորտայի այդ վերինէշելոնային ներկայացուցիչների ասածները, միասին վերցրած, հակասում են Տեղի բնակիչների հայտարարություններին, որ գյուղի վարելահողերն ու այլ տարածքները հեկտարներով տրվել են թշնամու տրամադրության տակ: Առհասարակ, իշխանության, այսպես կոչված, «պարզաբանումները» չեն դիմանում որևէ քննադատության և հակասում են նաև ողջամտությանը:

Ահավասիկ, սկսենք թշնամու կողմից Հայաստանի տարածքի էլի մի հատված օկուպացնելը արդարացնելուն նպատակաուղղված համեմատաբար «թարմ» դրսևորումից, ինչպիսիք, օրինակ՝ Ռուբեն Ռուբինյանի «բացատրություններն» են: Նա, օրինակ՝ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո «էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով»: Մեծ հաշվով, ԱԺ փոխնախագահի պաշտոնն զբաղեցնողը կրկնել է իրենց ԱԱԾ-ի երկրորդ հաղորդագրությունը Տեղ-Կոռնիձոր հատվածում ստեղծված իրադրության, պարզ ասած՝ թշնամու առաջխաղացման վերաբերյալ, թե՝ «Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»:

Հարց. ի՞նչ է նշանակում այդ արտահայտությունը՝ «իրավիճակն էականորեն բարելավվել է», եթե նախքան այդ նույն ԱԱԾ-ն հայտարարել է, որ թշնամին առնվազն 5 կետերում 100-300 մետր առաջ էր եկել: Այդ «էականորեն բարելավումը» ո՞րն է, էլի: Թշնամին 5 կետից 3-ում հե՞տ է շարժվել, թե՞ այն, որ 300 մետր առաջ էր եկել, հանդիպումից հետո համաձայնել են 5 կամ, ասենք՝ 95 մետր հետ գնալ: Այն, որ բոլ շևիկներն ասում էին՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ, այս դեպքում, ոնց որ, հակառակն է՝ երկու քայլ առաջ են գալիս, հետո մեկ քայլ հետը համարում ենք «էական բարելավո՞ւմ»: Թշնամին ներխուժել է Հայաստանի տարածք, այդ տարածքն իրենով է արել, դիրքավորվել է: Ու դա, այնկախ այն բանից, թե ինչ հեքիաթներ են պատմում Նիկոլ Փաշինյանը, նրա այլևայլ ներկայացուցիչները, ներառյալ՝ նրա ԱԱԾ-ն, էականորեն վա՛տ է, շատ վա՛տ: Տեղի է ունեցել ոտնձգություն՝ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ:

Տեղի է ունեցել հանցագործություն: Իսկ անվանապես ՀՀ իշխանություն համարվող բարձրաստիճան պաշտոնյաներն ու պետական հաստատությունները զբաղված են... այդ հանցագործությունը արդարացնելով կամ, ինչ իմանաս, գուցե պարտակելո՞վ: Ավելին, օրինակ, Ռուբեն Ռուբինյանն ասել է, թե Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը ապրիլի 1-ից դադարեց գործել և գործարկվեց նոր ճանապարհը, ու քանի որ «այլընտրանքային ճանապարհը մինչ այս ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո էր, սահմանի ՏեղԿոռնիձոր հատվածում ո՛չ Հայաստանի Հանրապետության կողմից, ո՛չ մյուս կողմից դիրքեր չկային, և այդտեղ, բնականաբար, դիրքերի անհրաժեշտություն առաջացավ»:

Այս ի՞նչ դիրքային շիլաշփոթ է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե՝ դիրքային փոփոխություն չի եղել, պարզապես բանակային ստորաբաժանումներին նույն դիրքերում փոխարինել են ԱԱԾ սահմանապահ ուժերը: ԱԱԾ-ն հայտարարել է, թե՝ բանակային դիրքերը բարձունքների վրա են եղել, իսկ սահմանապահ ուժերը պիտի տեղակայվեին սահմանագծով: Իսկ Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ դիրքեր ընդհանրապես չեն եղել: Եվ եթե պետության անունից հանդես եկող 3 պաշտոնական աղբյուր ակնհայտ հակասում են միմյանց, ուրեմն, «մի բան այն չէ», իսկ մեր դեպքում՝ ո՛չ մի բան այն չէ: Ավելին, ԱԱԾ մարտի 30-ի հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ իրենք թշնամական Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ տարբեր կերպ են «ընթերցել» սահմանի որոշման քարտեզները:

Այսինքն, արդեն սահմանագծո՞ւմ է արվել, ու կոնկրետ համաձայնեցո՞ւմ կա, թե Հայաստանի հատկապես որ մասերով է անցնում թշնամական սահմանը: Ավելին, Նիկոլ Փաշինյանի ու նրան ենթակա ԱԱԾ-ի հայտարարություններից ուղղակիորեն բխում է, որ վաղուց թշնամական Ադրբեջանի հետ շփումների մեջ են ու ինչ-ինչ պայմանավորվածություններ են ունեցել կոնկրետ Տեղ-Կոռնիձոր հատվածի վերաբերյալ: Հարց. ե՞րբ էին պատրաստվում Տեղի բնակչությանը շնորհավորել ու աչքալուսանք տալ, որ ադրբեջանական թուրքերին «էստի համեցեք» են արել տեղացիների ցորենի արտեր, Տեղի արոտավայրեր և տարածքներ:

Առհասարակ, պատրաստվո՞ւմ էին որևէ կերպ մարդկանց զգուշացնել, որ թշնամին հենց իրենց արտերի մեջ նոր խրամատներ ու դիրքեր է դնելու, որից հետո մեծ հաջողությամբ արդեն կարող է սպանել, գնդակոծել, առևանգել, գերի վերցնել, իրենց բնույթին համաձայն: Թե՞ ԱԱԾ սահմանապահ ուժերն են խանգարելու թշնամուն, որ իր մշտական սրիկայություններին չդիմի: Լո՞ւրջ: Եվ որտե՞ղ են սահմանապահները տեղակայվելու՝ թշնամու կողմից «թյուրիմացաբար» 300 մետր ավել օկուպացված տարածքո՞ւմ, թե՞ թշնամու կողմից «մեծահոգաբար» այդ պայմանական 300-ից, այսպես ասած, «էականորեն բարելավված», այն է՝ վերադարձրած նորից պայմանական... 92 մետր հատվածում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում