կարևոր
3109 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-30 16:11
Հասարակություն

Տեսչական մարմինը թույլատրել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը

Տեսչական մարմինը թույլատրել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին  վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Ըստ այդմ՝ Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը,  և վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը։

Ուստի, առկա հանգամանքների ուսումնասիրության արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից մարտի 30-ին որոշում է կայացվել թույլատրել  «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը։ Միևնույն ժամանակ ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների դեռևս առկա խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։

Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը փակ էր մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել էին տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Տեսչական մարմինը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերել էր հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում։