կարևոր
2656 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 10:32
Քաղաքական

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի. «Ժողովուրդ»

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությանը ենթակա Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերի 10-ից ղեկավար չունի: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել եւ նախկին ղեկավար Հակոբ Ավագյանին ազատել այդ պաշտոնից: Մենք գրել էինք, որ կառավարությունը նրան պաշտոնանկ անելու ներքին որոշում ուներ, սակայն միջոց չէր գտնում:

Ավելի քան ութ ամիս սպասելուց հետո ի վերջո այդպիսի որոշում կայացվեց: Եվ, ահա, Նիկոլ Փաշինյանի որոշումից երկուսուկես ամիս անց անգամ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախկին ղեկավարի տեղակալը՝ Սլավիկ Սարգսյանը: Ընդ որում՝ վերջինս մարտի 31-ին էր նշանակվել կառույցի փոխտնօրեն, եւ նրան վստահված էր հենց Ավագյանին հսկելու գործառույթը:
Տեսչական մարմնում այնքան էլ ոգեւորված չեն այդ հանգամանքով, եւ խոսվում է, որ Սլավիկ Սարգսյանն առանձնապես փորձ չունի, անտեղյակ է տեսչական մարմնի գործառույթներից:

Չնայած այդ հանգամանքին՝ կառավարությանն ի վերջո հաջողվեց հեռացնել Հակոբ Ավագյանին աշխատանքից եւ ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վստահել Սարգսյանին, որը թերեւս լավ է կատարել ներսում ղեկավար կազմին հսկելու իր գործառույթը եւ «պարգեւատրվել» դրա համար: Միայն ղեկավարի պաշտոնը չէ, որ թափուր է այդ կառույցում: Ըստ տեսչական մարմնի հաստիքացուցակի՝ ղեկավարը պետք է ունենա երեք տեղակալ, սակայն այս պահին երկու հաստիքն է զբաղեցված, համենայնդեպս, այդ մասին են վկայում կառույցի պաշտոնական կայքում տեղ գտած տվյալները:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում