Փոխարժեքներ
27 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
2018-ի իշխանազավթումից հետո իշխանությունների ամենատարբեր զրկանքներին դիմադրող Հայ առաքելական եկեղեցու գլխին Փաշինյանի իշխանությունը շարունակում է նոր խնդիրներ առաջացնել, ոտնահարել նրա դերն ու նշանակությունը հայ հասարակության մեջ: Ինչպես անցած տարի, այս տարի ևս իշխանության խոսափողը դարձած Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը հրապարակել տարեմուտից րոպեներ առաջ՝ նախորդելով վարչապետի ուղերձին:
Հանրայինի ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հետո պարզ դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձն այս տարի նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին: Նկատենք՝ կաթողիկոսի ուղերձը հեռարձակելու ժամը փոխելն աննախադեպ էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ։
Իսկ ահա Մայր աթոռի պարզաբանման մեջ ասվում է, որ հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ Ավելին՝ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։
«Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն հայոց կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները»,-նշված է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Yerkir.am-ի հետ զրույցում ցավով նկատեց՝ ազգային ինստիտուտների, ինքնութենական արժեքների նկատմամբ ներկա իշխանությունների անտագոնիզմը նորություն չէ, ոչ էլ՝ հակապետական ու հակազգային օրակարգերն են նորություն։
«Անկեղծ ասած, այս իշխանությունների արժեքաբանությանն ու նախընթաց վարքին ծանոթ լինելով՝ առանձնապես չզարմացա, որ Հանրային հեռուստաընկերությունը նախատեսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Ցավալի է, բայց ոչ՝ անհասկանալի»,- ասաց պատգամավորն ու շեշտեց՝ սա անձնական վրեժի ու քաղաքական հալածանքի դրսևորում է։ Կարմիր գծեր չունեցող վարչապետի և նրա թիմի օրեցօր մաշվող վարկանիշի կողքին ծանր են տանում, որ Հայաստանյաց Առաքելական եկեղեցին շարունակում է լինել ամենամեծ հանրային հեղինակություն ունեցող ազգային ինստիտուտը։
Պատգամավորի համար ակնհայտ է՝ իշխանություններն այնքան կարճատես չեն, որ չհասկանան՝ այս վարքով անարգում են հազարավոր հայ քրիստոնյաների նվիրական սպասումները, իղձերը, Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունն ու տասնակյակների ավանդույթները։ Վստահ է՝ Հանրայինն իշխանությունների հերթական հանձնարարությունն է կատարում։
«Վեհափառ Հոր ամանորյա ուղերձը կապի այլ միջոցներով կհասնի հավատավոր հայ մարդուն։ Ամոթի, բարոյական անկումի ու պարտության այս ժամանակներն անցնելու են։ Հայ Առաքելական եկեղեցին դարերի ընթացքում շատ հալածանքների է ենթարկվել, հերձվածողների բախվել, բայց կանգուն է մնացել ու ժողովրդի կողքին՝ անսասան»,- եզրափակեց Լիլիթ Գալստյանը։