կարևոր
3226 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 16:31
Քաղաքական

Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ

Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է, և այս առումով հստակ է մեր ժողովրդի վերաբերմունքը, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ-ն։

«Այդ իմաստով բավարար չափով աշխատանքներ իրականացվել են և մենք լիահույս ենք, որ այդ ջանքերը պետք է շարունակվեն և խնդիրը միջազգային հանրության, մեր ժողովրդի ջանքերի արդյունքում պիտի ունենա իր բարվոք կարգավորումը»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, կաթողիկոսն ասաց. «Մենք չենք կարծում, որ նման հայտարարությունները տեղին են և որևէ կերպ կարող են նպաստավոր լինել հարցի կարգավորման համար: Պետք է չշտապել, ընդհակառակը, պետք է ամեն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը»:

Հարցին, թե Դուք տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ Արցախը կարող է չլինել Ադրբեջանի կազմում, Գարեգին Բ-ն պատասխանեց. «Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի հայաթափում Արցախի մեր ժողովրդի: Մենք ամեն ջանք պետք է ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի անկախ ապրելու իր իրավունքը»: