կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-09 16:43
Հասարակություն

Բանակցային գործընթացը կարող է փոխվել, եթե Արցախը միավորվի Հայաստանի հետ. Դավիթ Բաբայան

Բանակցային գործընթացը կարող է փոխվել, եթե Արցախը միավորվի Հայաստանի հետ. Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում, ամփոփելով 2016 թվականը, նշեց՝ այն ամենաբարդ և դժվարին տարին է եղել՝ 1994 թվականից հետո:

«Թշնամին փորձեց պարզապես վերջ տալ Արցախի պետականությանը, սա եղել է նրա բուն նպատակը, սակայն ձախողվել է նրա այդ նպատակը:  Ես կարծում  եմ` չնայած 2016-ը եղել է բավականին ողբերգական տարի, բայց նաև եղել են մեծ հաղթանակներ: Մենք ունեցանք անդառնալի կորուստներ, և սա ամենավատ, ամենաողբերգական էջն է մեր ժողովրդի, երկրի, զոհվածների հարազատների ընտանեկան պատմություն մեջ, որովհետև մենք այդ կորուստները երբևէ չենք կարող վերականգնել:  Նյութական կորուստները և այլն վերականգնվելու են, բայց հանուն հայրենիքի մարդկային կորուստներն անդառնալի են: Միևնույն ժամանակ, մենք հաղթանակ տոնեցինք. այդ մարդիկ, զոհվելով, այնուամենայնիվ, շարունակում են ծառայել մեր ժողովրդի  շարքերում, զինված ուժերի շարքերում, որովհետև ոգևորում են մեր զինվորներին, օրինակ են հանդիսանում, ոգևորում են մարզիկներին, գիտնականներին, գրողներին, բոլորին…. Սա է եղել ամենակարևոր իրադարձությունը` մենք կարողացել ենք պաշտապանել մեր իրականությունը, որ մենք կարողացել ենք միավորվել»,- նշեց Բաբայանը:

Ըստ նրա` Ադրբեջանը  պատերազմ է սկսել՝ իբրև թե ամբողջությամբ մեզ «հաշվարկելով»: «Իր առումով` մեզ հաշվարկել էր, բայց թերագնահատել էր, չի պատկերացրել, որ  հայությունը կարող  է համախմբվել: Մտածել են, որ նոր սերունդ է, որը սոցիալական ցանցերի սերունդ է, որ կա անջրպետ իշխանությունների և ժողովրդի միջև, պատկերացրել է, թե կա ատելություն սեփական պետության նկատմամբ: 2016 թիվը հիմնականում ապրիլյան պատերազմի հետ է կապված, և ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք արժանի ենք ապրել և ի վիճակի ենք ապրել, գոյատևել մեր տարածքում»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ անցյալ տարին նշանավորվեց նաև այլ իրադարձություններով. «Եղել են նաև այլ զարգացումներ՝ տնտեսական տարբեր ծրագրերի իրականացում, ինքնաբավ էլեկտրաէներգիայի արտադրություն,  հացահատիկի աննախադեպ բերք է եղել, ճանապարհային ծրագրեր են եղել, ուժեղացել է պաշտպանական համակարգը: Նշենք, որ կան բազմաթիվ խնդիրներ. պետք է Թալիշը վերականգնվի»:

Անդրադառնալով Արցախում 2017 թվականին  սպասվող սահմանադրական բարեփոխումներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ ներքին փոփոխությունները չեն կարող անդրադառնալ արտաքին քաղաքականության վրա:

«Երբ բանակցային գործընթացն ընթացքում էր, դեռ 92 թվականից Արցախը մասնակցում էր այդ ամենին, այդ ժամանակ տեղի էր ունեցել կառավարման  մոդելի փոփոխություն, Արցախը խորհրդարանական կառավարման համակարգից անցել էր  կիսանախագահականի: Դրանից հետո էլ են տեղի ունեցել զարգացումներ, բայց ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա որևէ ձևով ազդեցություն չեն ունեցել: Սահմանադրական փոփոխությունները, որոնք պետք է տեղի ունենան,  չեն փոխի Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցելու կարգավիճակը: Բանակցային գործընթացը կարող է փոխվել միայն, եթե պետականությունը վերափոխվի, վերամիավորում տեղի ունենա մայր Հայաստանի հետ»,- ընդգծեց նա:

Բաբայանը նշեց նաև, որ որոշակի փոփոխություններ է տեսնում միջազգային հանրության պահվածքում: «Որոշակի դրական տեղաշարժ տեսնում եմ: Ճիշտ է, դեռևս այն  մակարդակին չեն, որ մենք կցանկանայինք, բայց  դրական տեղաշարժ կա, դա միանշանակ է: Միջազգային հանրությունը փորձում է փակագծերից մեկը բացել, ոչ բոլոր փակագծերը: Արդեն շատ է քննադատվում Ադրբեջանը: Հաճախակի են դառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն  արտահայտության  գործածությունները՝ տարբեր կառույցների կողմից»,- ասաց նա՝ հավելելով. «Ժամանակակից պատերազմն ունի իր կանոնները, քառօրյա պատերազմը ցույց տվեց ժամանակակից պատերազմի առանձնահատկությունները` դիստանցիոն պայքար, տեղեկատվական-լրատվական դաշտում հսկայական պայքար… Պետք է ասել, որ լրատվական դաշտում ևս հայությունը ցույց տվեց համախմբվածություն: Մենք չեզոքացրել ենք հակառակորդի գրեթե բոլոր հարձակումները»:

Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է հիբրիդային պատերազմի ձևերը: «Մենք այդ ամենին հետևում ենք և փոփոխութուններ մտցնում մեր ռազմավարության մեջ»,- ասաց նա:

Բաբայանն ընդգծեց նաև, որ սահմանին զարգացումները կախված չեն տեղանքից, այլ` հանգամանքներից:

«Թշնամին տարբեր  տեղեր փորձում է գնահատել իրավիճակը, տեսնել՝ ինչ կարելի   է անել: Նրանք օգտագործում են  ահաբեկչության գործոնը: Ահաբեկչությունը  նստած է Ադրբեջանի մեջ: Արցախյան հատվածում մի պահ համեմատաբար հանգիստ վիճակը չի նշանակում, որ  հանգիստ է կամ կլինի: Հունվարի 13-ին նրանք պետք է հիշեն, այսպես կոչված, սև հունվարը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը: