կարևոր
3109 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-25 11:01
Քաղաքական

Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»

Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Առանց հեգնանքի նշույլի պետք է ասել, որ ինչ-ինչ, բայց քանդելու, փչացնելու, կոտրելու, ավիրելու, առնվազն տհաճ նստվածքներ թողնելու հարցերում Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն անմրցակցելի է: Թվարկված բոլոր ուղղություններով Փաշինյանի իշխանությունը կարող է առնվազն տարածաշրջանային չեմպիոն հռչակվել: Որ մի քիչ էլ այս տեմպով շարունակեն՝ նաև աշխարհի...

Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը տարակույսներ չունի, թե ինչու է Փաշինյանի կառավարությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալ յանի հետևողական ջանքերով, ցանկանում փակել, չգոյության մատնել արդեն երեքուկես տասնամյակ գործող, բնավորություն ու ասելիք ունեցող թատրոնը: Դրա մասին Արթուր Սահակյանը բացեիբաց հայտարարեց. թատրոնը փակելուն ուղղված կառավարական (ԿԳՄՍՆ-ական) քայլերը գրաքննություն են, հետապնդում՝ այլակարծության համար, և կապված են ինչպես իր՝ ոչ իշխանական հայացքների, այնպես էլ թատրոնի խաղացանկի, մասնավորապես Գարեգին Նժդեհին նվիրված բեմականացման հետ:

Ի՞նչ են ուզում անել: Հայտնի է, որ ցանկանում են «Գոյ» թատրոնը գործնականում լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ թատերախումբը տարրալուծել Գ.Սունդուկյանի անվան «մայր թատրոնի» կազմում, որտեղ «Գոյի» դերասանների համար, իբր, ավելի լավ պայմաններ կապահովեն: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա կարելի է ենթադրել, որ «Գոյի» դերասաններին պարզապես ուզում են «չորով գնել»՝ քաղցր խոստումներով: Սակայն «Գոյը» չի հանձնվում: Նախօրեին էլ թատերախմբի անդամները ասուլիսով բարձրաձայնեցին իրենց անհամաձայնությունը «վերից եկող» կամայականությանը: Հիմնականում, ի դեպ, որպես «Գոյը»-ը փակելու շահագրիռ պաշտոնյա ու հնարավոր շահառու հիշատակվում է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալ յանը:

Ավելին, կան տեղեկություններ, որ այդ ամենը կապ ունի ինչպես ոլորտին պետբյուջեից հատկացվող ոչ փոքր միջոցների բաշխման, այնպես էլ ինչ-ինչ գրանտային միջոցների տնօրինման, ինչպես նաև դիրքերի ամրապնդման փորձերի հետ: Այսինքն, այս ամենի տակ, բացի քաղաքական ենթատեքստից, նաև անձնական որոշակի հետաքրքրություն կա կամ կարող է լինել: Մյուս կողմից՝ մեր աղբյուրները չեն բացառում, որ այս ամենը կարող է միանգամայն հարմար առիթ լինել ԿԳՄՍ նոր նախարար Ժաննա Անդրեասյանի համար, որպեսզի ազատվի Խզմալ յանից: Վերջինս, ասում են, նախորդ նախարարի օրոք լիովին ազատ է եղել իր փոխնախարարական գործունեության մեջ և անսահմանափակ լիազորություններ է ունեցել:

Բայց հիմա նախարար է դարձել մեկ ուրիշը, որը ցանկանում է բոլոր ուղղությունները պահել իր խիստ վերահսկողության ներքո: Իսկ հիշյալ փոխնախարարն այդ «սխեմայի» տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ինչևէ, կարճ ասած՝ «Գոյի» գլխին սարքվող այս ամբողջ պատմության մեջ, կարծես, իշխանությունների, իշխանավորների քաղաքական ու նեղ շահերը, կարծես, համընկել են: Ցանկալի տարբերակն, իհարկե, այն կլինի, որ իշխանափոխությունից հետո «Գոյ» թատրոնը վերաբացելու կարիք չլինի, այսինքն՝ հիմիկվա պաշտոնյաներն իրենց ներքին հարցերը լուծեն՝ առանց «Գոյ» թատրոնի հետ հաշվեհարդար տեսնելու: Իսկ քաղաքական «նեղվածության» դեպքում սառը ջուր խմեն, այլ ոչ թե հերթական ավերը գործեն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում