Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մարտի 21-ին հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu, Special Advisor of the UN Secretary-General on the Prevention of Genocide) հետ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների դրսևորումները:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում շեշտվել է, որ 100 օր շարունակվող շրջափակումը Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ արտահայտություն է, ինչի մասին նախորդ տարվա դեկտեմբերի վերջից ի վեր ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և Հատուկ խորհրդականին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել հայկական կողմից։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ցեղասպանության կանխարգելման հարցերով Հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից մշակված «Ոճրագործությունների վերլուծության շրջանակ. Կանխարգելման գործիքակազմ» (Framework of Analysis for Atrocity Crimes: A tool for prevention) փաստաթղթով սահմանված՝ զանգվածային ոճրագործության նախանշան հանդիսացող գործոններին։
Անդրադառնալով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժ ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ս.թ. փետրվարի 22-ի որոշմանը՝ Մհեր Մարգարյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից դրա իրականացումից հրաժարվելն ի ցույց է դնում միջազգային պարտավորությունների հանդեպ վերջինիս բացահայտ արհամարհանքը՝ նշելով զանգվածային ոճրագործության բոլոր նախանշանների առկայության պայմաններում ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։