Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում մայիսի 2-ին տեղի է ունեցել թեմատիկ քննարկում՝ «Մշակութային ժառանգության պաշտպանությունը զինված հակամարտությունների ընթացքում» խորագրով, որը կազմակերպել էին ԱԽ-ում Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցչությունները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը ելույթներով հանդես են եկել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն և ՄԱԿ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ:
Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային կոթողների ավերածություներին` նշելով, որ նման գործողությունները Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հայկական ներկայացվածության համակարգված վերացման քաղաքականության մաս են կազմում։
Դեսպան Մարգարյանն ընդգծել է, որ հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ավելի վաղ շրջանի ոտնձգությունները ևս փաստագրված և լայնորեն լուսաբանված են` օրինակ բերելով Նախիջևանի հայկական միջնադարյան եկեղեցիների և 5000-ից ավել խաչքարերի ոչնչացումը։
Քննարկման մասնակիցների ուշադրությունն է հրավիրվել նաև 2021թ. դեկտեմբերին Հայաստանի հայցի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշման վրա, որը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողություններն՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, և շիրիմների դեմ»։
ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանը շարունակաբար կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, այնինչ Ադրբեջանը մշտապես խոչընդոտել է տեղում փաստերի անկախ և անաչառ գնահատական տալու միջազգային կառույցների ջանքերը։