Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մամուլում նշվեց, որ Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Բաքվում կայացած 10-րդ համաշխարհային ֆորումում հայտարարել է, որ Վրաստանը հայ-ադրբեջանական հակամարտության խնդրին մոտենում է բարիդրացիության և արդարության սկզբունքների հիման վրա։ Նա ընդգծել է, որ Վրաստանը Ադրբեջանում իր ռազմավարական գործընկերների հետ կառուցում է ընդհանուր ապագա՝ իրենց երկրների տնտեսական կայունության և զարգացման համատեքստում։ «Հայաստանը նույնպես մեր հարևանն ու բարեկամն է։ Կարծում եմ, որ Վրաստանը Հարավային Կովկասում կգործի խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ՝ ոչ թե տարածաշրջանից դուրս, այլ՝ երեք երկրների միջև», - ասել է Մարգվելաշվիլին, ավելացնելով, որ Մինսկի ձևաչափը փաստացի չի գործում, և Թբիլիսին պետք է նման ձևաչափով հանդես գա, և ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի։ «Կարծում եմ, որ իմ գործընկեր Իլհամ Ալիևը նույնպես նման դիրքորոշում ունի»,- հայտարարել է Մարգվելաշվիլին։
Այն, որ Թբիլիսին պետք է առաջարկի հակամարտության կարգավորման նոր ձևաչափ, և որ այդ դիրքորոշումը կիսում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ուղղակի նշանակում է, որ հակամարտության կարգավորման նոր ձևաչափի նախաձեռնության հեղինակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։ Եվ որ վերջինս Վրաստանին դրդում է մերժել Ռուսաստանի առաջարկած 3+3 ձևաչափի առաջարկը, և որը ինքը՝ Ալիևը, Ռուսաստանին միաժամանակ «ժպտալով», արդեն բազմիցս մերժել է։
Ելնելով վրացի քաղաքական գործչի խոսքերից՝ Վրաստանը, չնայած իր պնդումներին, ոչ մի կերպ չի կարող հավակնել միջնորդի դերին, որովհետև գերապատվությունը տալիս է իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանին։
Եվ իրոք, Թբիլիսին ավելի մոտ է Ադրբեջանին և Թուրքիային՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին հետո։ Իսկ Հայաստա՞նը։ Հայաստանը նույնպես իր հարևան է։ Միգուցե Մարգվելաշվիլին իրականում այս ուղղությամբ ունի այլ մտքեր, բայց գտնվելով Բաքվում՝ չի համարձակվում ասել մի բան, որը դուր չի գա ադրբեջանցիներին։
Նշանք, որ Թբիլիսին Բաքվի հետ երկար ժամանակ համագործակցում է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Խոսքը, մասնավորապես, ռազմավարական նշանակության տարածաշրջանային նախագծերում համագործակցության մասին է, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Հարավային գազային միջանցքը: Բացի այդ, Բաքուն Թբիլիսիի հինգ հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ Սակայն, տարածաշրջանային դիրքերի տեսանկյունում, Ադրբեջանը ակնհայտորեն գերիշխում է Վրաստանում։ Այնուհանդերձ, 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով եղել է Վրաստանում՝ առաջինն անգամ՝ վերջին յոթ տարվա ընթացքում և այդքան ժամանակ իր հարևան և ռազմավարական գործընկեր երկրի հանդեպ մեծ ուշադրություն չի ցուցաբերել։
Ընդ որում, Ալիևն է, ով առաջարկել է ստեղծել այսպես կոչված «քննարկման միասնական հարթակ»՝ Բաքվի, Թբիլիսիի և Երևանի միջև, ինչը որ կարելի է որակել որպես ակներև դեմագոգիա։ Այնուամենայնիվ և հատկապես Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը բարձր է գնահատել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։ Դիվանագետը նշել է, որ Վրաստանը կարող է դրական դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հաստատման գործում։ Սա նույնպես դեմագոգիա է։ Մեզ համար ցանկալի կլիներ, եթե ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, հանձն առներ ազդել ծայրահեղ լկտի Ալիևի վրա և թողներ Թբիլիսին՝ ինքնուրույն լուծելու առկա խնդիրները։
Փաստորեն նաև, Ալիևն՝ իր վարչակարգով հանդերձ, շարունակ անիրագործելի ու անիրական ձևաչափեր ու գաղափարներ է առաջարկում, որպեսզի հետո ասի, որ Երևանն անտարբեր է իր այդ «հանճարեղ» գաղափարների նկատմամբ։ Սա անշուշտ միջազգային քաղաքականության և տարածաշրջանային համագործակցության տակ քողարկված տեղեկատվական պատերազմի ևս մի դրսևորումն է։
Ավելացնենք, որ Ադրբեջանի սադրած տեղեկատվական պատերազմին մասն են կազմում օրերս վրացական մամուլում տարածված և Վրաստանում Հայաստանի դեսպանությանը կողմից հերքված այն կեղծ տեղեկությունը, ըստ որի Թբիլիսիում վերջին ցույցերը ցրելու նպատակով Վրաստանում Հայաստանի Հանրապետության հատուկ նշանակության ջոկատներ են տեղակայվել։ Եվս մեկ անգամ, Ադրբեջանը տարածաշրջանային և միջազգային ոլորտներում Հայաստանին վարկաբեկելու որևէ առիթ բաց չի թողնում։
Մարիամ Խաթլամաջյան