կարևոր
5074 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-10 20:14
Հասարակություն

Սյունիքում վթարի հետեւանքով մահացածը Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվարն էր․ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սյունիքում վթարի հետեւանքով մահացածը Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվարն էր․ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել այսօր՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարից, որի հետեւանքով 24 անձ է տուժել, որից մեկը մահացել է։ 

Սյունիքի մարզային քննչական վարչություն ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:10-ին, Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 14:10-ին, «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը, Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին եւ ուսուցչական կոլեկտիվի անդամներին Կապան քաղաք տեղափոխելիս, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլորվել Աճանան գետը։ Դրա հետեւանքով ուղեւոր, Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվար Թամարա Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ թվով 22 ուղեւորներն ու վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Դեպքի առթիվ 2023թ. մարտի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Հիվանդանոց տեղափոխված թվով 23 ուղեւորները, այդ թվում նաեւ մահացած ուսուցչուհին, ճանաչվել են տուժող։ Նրանցից 14-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։ 

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները, այդ թվում տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը, երթեւեկելի գոտուց դուրս գալու պատճառները պարզելու ուղղությամբ։ Այդ նպատակով նշանակվել է նաեւ դատավտոտեխնիկական փորձաքննություն։