Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից մայիսի 2-ին ԱԹՍ-ի օգտագործման հետևանքով հայ 2 զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
2023թ. մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կիրառել են մարտական ԱԹՍ, որի հարվածից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի երկու զինծառայողներ:
Նույն օրը վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային զինհոսպիտալ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:
«Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով /2 դրվագ/ (ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու փորձը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։