կարևոր
8419 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-17 14:22
Իրավական

ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի և դրա հետևանքով 1 անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն

ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի և դրա հետևանքով 1 անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն

ՀՀ քննչական կոմիտեում Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ ըստ ստացված ահազանգի՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոցից է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 տարեկան, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։

Դեպքի վայրում՝ նշված ֆակուլտետի նկուղային հարկում, հայտնաբերվել է 73-ամյա Ժ․ Խ․-ի դին՝ այրվածքներով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

Ձևավորվել է քննչական խումբ, սկսվել է նախաքննություն։

Ներկա պահին քննիչները դեպքի վայրում են՝ իրականացվում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհրաժեշտ այլ անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ՝ կատարվածի պատճառները, դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին ՀՀ քննչական կոմիտեն հընթացս հանդես կգա պաշտոնական տեղեկատվությամբ։