կարևոր
5494 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-10 15:07
Քաղաքական

ԱՄՆ-ը և ԵՄ-ն երբեք չեն հայտարարել, որ պատրաստ են լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը․ Սուրեն Սարգսյան

Վերջին 5 տարիների ընթացքում  Հայաստանը չունեցավ ադեկվատ արտաքին և անվտանգային քաղաքականություն, ինչի արդյունքում հասանք այն կետին, որտեղ գտնվում ենք։ Իհարկե դրանց որոշակիորեն օգնեց միջազգային գործոնը, բայց հետևանքները կարող էին էապես տարբեր լինել, եթե մենք ադեկվատ արտաքին քաղաքականություն ունենայինք և ճիշտ գնահատեյինք ժամանակի անվտանգային մարտահրավերները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Արդեն 80 և ավելի օր է, որ Արցախը շրջափակման մեջ է, սա լրջագույն մարտահրավեր է ոչ միայն արցախահայության, այլ՝ ամբողջ հայ ժողովրդի համար, որտեղ էլ որ բնակվի հայը, սա լրջագույն մարտահրավել է մեր պետությանը, մեր անվտանգությանը։ Այս քայլով մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի բավարարվել այն ամենով, ինչ ստացել է։ Կար պնդում՝ Արցախը տանք, որ լավ ապրենք, բայց ստացվում է, որ նույնիսկ Արցախը տալու պարագայում լավ չենք ապրելու, կարծում եմ սա շատ հստակ հաղորդագրություն է հենց նրա մասին, որ այս թեզը փլուզվել է»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ-ամերիկյան և հայ-ռուսական հարաբերություններին միջազգայնագետը նշեց, որ ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականություն գոյություն չունի, որևէ լուրջ ձեռքբերում վերջին 5 տարիների ընթացքում արտաքին քաղաքականության ֆրոնտում մենք չենք ունեցել․

«Շոշափելի և լուրջ ձեռքբերում չի եղել։ Հիմնականում եղել են ձախողումներ, տապալումներ և դրանք շատ լուրջ հետևանքներ են ունեցել, բնականաբար երկկողմ հարաբերություններում, միջազգային կազմակերպությունների հետ մեր հարաբերություններում, ռազմավարական դաշնակիցների կամ բարեկամ պետությունների հարաբերություններում որևէ էական և շոշափելի ձեռքբերումներ չենք ունեցել։ Հիմա շատ խոսում են այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերությունները շատ ակտիվ են, բարձր մակարդակի ներգրավվածություն կա, քննարկումներ կան, բայց դրանք շարունակում են մնալ բացառապես ամերիկյան տարածաշրջանային օրակարգի շրջանակներում։ Երկկողմ օրակարգ ԱՄՆ-ի հետ մենք չունենք։ Միացյալ նահանգները երբեք չեն թաքցրել, որ իրենց անհրաժեշտ է տարածաշրջանում կոնֆլիկտների հնարավորինս արագ լուծում, դա կլինի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, կապված Լեռնային Ղարաբաղի հետ, կամ հայ-ադրբեջանականը կապված այն հանգամանքի հետ, որ Հայաստանի որոշ տարածքներ Ադրբեջանը օկուպացրել է, թե դա կապված կլինի հայ-թուրքական հարաբերությունների հետ, դա Միացյալ Նահանգերի համար առաջնահերթություն է եղել, գլոբալ աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում սա շատ տրամաբանական է դուրս մղել հակառակորդ պետությանը ազդեցության գոտուց։ Սա շատ նորմալ, տրամաբանական միջավայր է, որտեղ մենք այսօր գտնվում ենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթից որևէ բան այլևս չի մնացել, պատճառները շատ տարբեր են, բայց մեղավորությունը այս ամենում նույնպես շատ մեծ է․

«Այլ գերտերությունների հետ կապված մեր հարաբերությունները, օրինակ՝ Չինաստանի հետ մեր հարաբերությունները շատ լուրջ պոնտենցիալ ունեին զարգանալու և որևէ բան դրանից չստացվեց՝ էլի մեր մեղքով։ Ոչ նախաձեռնողական, ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում Չինաստանի հետ ևս չունեցանք այն հնարավոր հարաբերություններում՝ ռազմականից սկսած մինչև բիզնես ոլորտներում զարգացում չեղավ։ Սա լրջագույն խնդիր է։ Մենք մեր շահերը փոխարենը համադրեինք տարբեր պետությունների հետ, մենք այդ պետությունների հակասությունների փլուզման տակ մնացինք։ Մենք շատ լուրջ ընդհանուր շահեր ունեինք թե՛ Իրանի հետ, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ռուսաստանի հետ, և այդ շահերի համադրումն էր մեր միակ փրկությունը։ Ցավոք այդ ճանապարհով մենք չենք գնացել»,- ասաց միջազգայնագետը։

Սուրեն Սարգսյանը նշեց, որ հիմա շատ է խոսվում այն մասին, որ եթե Հայաստանից դուրս գա ռուսական ռազմաբազան, ապա Միացյալ Նահանգները կամ Եվրոպական միությունը կլինեն Արցախի անվտանգության երաշխավորը։

«Այս հարցը առաջին հերթին պետք է ուղղել հենց ԱՄՆ-ին և Եվրոպական Միություններին արդյո՞ք իրենք ցանկանում են լինել երաշխավոր։ Երբևէ նրանց կողմից նման հայտարարություն չի արվել, որ նրանք պատրաստ են լինել երաշխավորը առաջին հերթի Արցախի ժողովրդի, հետո նաև Հայաստանի տարածքային ամբողջականության։ Նման հայտարարություններ չեն արվել և չեն արվի, որովհետև նման հայտարարություններ անելու համար լուրջ պարտավորություններ է պետք ստանձնել, որով որ ՆԱՏՕ-ն, ոչ Եվրոպական Միությունը, ոչ՝ էլ ԱՄՆ-ն առանձնապես հետքրքրված չեն ստանձնելու»,- ասաց նա։