կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-10 16:35
Քաղաքական

Ոչ մի ԵՄ, ՌԴ, ԱՄՆ մեր անվտանգության երաշխավորը չէ, մեր երաշխավորը բանակն ու տնտեսությունն է. Մարուքյան

Ոչ մի ԵՄ, ՌԴ, ԱՄՆ մեր անվտանգության երաշխավորը չէ, մեր երաշխավորը բանակն ու տնտեսությունն է. Մարուքյան

ԱԺ-ում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Հինգ տարի առաջ մեր կողմից հնչեցված քննադատությունները ուժի մեջ են, որ Հայաստանը չի տանում երկու ինտեգրացիոն գործընթաց: Ինտեգրացիոն գործընթաց տարվել է միայն ԵԱՏՄ-ի հետ: Հայաստանը պետք է թարմացներ ԵՄ-ի հետ իր հնացած պայմանագիրը, որը թարմացվել է, և մենք աջակցել ենք, որ համաձայնագիրը ստորագրվի»,- հայտարարեց նա:

Մարուքյանի խոսքով` Հայաստանը, այո, ունեցել է ավելին ստանալու շանս, բայց դրանից զրկվել է: «Մենք ԵԱՏՄ ենք ստացել: Հուսով եմ` կառավարությունը լսում է` ՌԴ քաղաքներում հայ վարորդներին ոստիկանները կրկին նեղն են գցում, որ` վարորդական իրավունք հանեք: Զբաղվեցին, իբրև թե լուծվել էր, բայց չի լուծվել: Հորդորում եմ զբաղվել»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները երկու բան են աշխարհին ասում: «Ասում են, որ անցել ենք խորհրդարանական կառավարման, ինչը պարզվեց սուտ է, և երկրորդ` մենք ստորագրել ենք համաձայնագիրը, վաղն էլ վավերացնելու ենք»,- նշեց նա և հավելեց, որ իրենց խնդիրն է լինելու պահանջել իշխանություններից` անցնել իրական, ոչ իմիտացիոն խորհրդարանական կառավարման և ամեն բան անել, որ այս համաձայնագիրը կյանքի կոչվի:

«Խաղը սկսվում է համաձայնագրի վավերացումից հետո, թե արդյո՞ք ՀՀ-ն կստեղծի հակակոռուպցիոն մարմին՝ վստահելի մարդկանցով, ովքեր կպայքարեն, ՀՀ-ն կունենա՞ անկախ դատական համակարգ, տնտեսական մրցակցության հանձնաժողով, որ չլինի այնպիսին, ոնց այսօր է, Հաշվեքննիչ պալատ, որն ունի այսօր, Ընտրական հանձնաժողով, որին ոչ ոք չի վստահում»,-հայտարարեց Մարուքյանը:

Նրա խոսքով` պայքարելու են, որ Սահմանադրությամբ նախատեսված` լիազորությունները փոխզսպող և հակակշռող ինստիտուտները լինեն:

Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով անվտանգության հետ կապված հարցադրումներին, նշեց, որ իրենք ասել են, որ ՀՀ-ի անվտանգությունը կարող է ապահովել միայն ՀՀ-ն՝ իր տնային աշխատանքով: «Իր տնային աշխատանքն անելով` կարող է ունենալ հզոր տնտեսություն, որի վրա հենված է հզոր բանակը: Ոչ մի ԵՄ, ՌԴ, ոչ մի ԱՄՆ մեր անվտանգության երաշխավորը չէ, մեր երաշխավորը բանակն ու տնտեսությունն է»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` մինչ օրս իմիտացիաներ են և հիմա էլ շարունակվում են: «Մենք ամեն ինչ անելու ենք, մոնիտորինգի ենք ենթարկելու այս համաձայնագիրը, հետևողական ենք լինելու, որ ամեն դրույթ կյանքի կոչվի»,- եզրափակեց նա: