կարևոր
9046 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-10 13:45
Տարածաշրջան

Ինչ պետք է իմանալ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ, որի դեմ բողոքում են Վրաստանում

Ինչ պետք է իմանալ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ, որի դեմ բողոքում են Վրաստանում

Թբիլիսիում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունումից հետո։ Ցուցարարներին ցրելու համար հատուկ ջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: 

Փետրվարի վերջին Վրաստանի «Ժողովրդի ուժ» շարժման անդամները (մի խումբ պատգամավորներ, որոնք լքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 2022 թվականին) խորհրդարան են ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին երկու օրինագծեր՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը օտարերկրյա ազդեցության գործակալներ է ճանաչում ոչ առևտրային կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնց տարեկան եկամտի 20%-ից ավելին ստացվում է օտարերկրյա ֆինանսավորումից։ Սա չի ազդի վարչական մարմինների և մարզական ֆեդերացիաների հիմնադրած կազմակերպությունների վրա։ Կազմակերպություններից կպահանջվի գրանցվել որպես գործակալ և տարեկան ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ: Խախտելու դեպքում նրանց կսպառնա 25 հազար լարի (մոտ 9,5 հազար դոլար) տուգանք։ Այս փաստաթուղթը Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել մարտի 7-ին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բազմիցս դեմ է արտահայտվել օրինագծին՝ խոստանալով վետո դնել դրա վրա։

«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախագիծը նախատեսում է ոչ միայն վարչական, այլեւ քրեական պատասխանատվություն։ Օտարերկրյա ֆինանսավորմամբ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կպահանջվի գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ», բացառությամբ դիվանագետների, հյուպատոսների և դիվանագիտական ​​ծառայության և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների, օտարերկրյա պետության պաշտոնյաների։ Օրենքը չկատարելը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։ «Ժողովրդի ուժը» շարժումը պնդում էր, որ Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրինագիծն ամբողջությամբ պատճենված է ԱՄՆ FARA ակտից (ընդունվել է 1938 թվականին):