Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանը։
-Պարոն Մեսրոբյան, Վրաստանում քաղաքական մեծ լարվածություն է առաջացրել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը, որը վրացական իշխանությունները պատրաստվում էին ընդունել։ Դուք հաճախ եք հրապարակավ խոսել այդ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին Հայաստանում։ Խնդրում ենք ևս մեկ անգամ պարզաբանել՝ ո՞րն է այդ օրենքի կարևորությունը, և ինչո՞ւ են Վրաստանի արևմտամետ շրջանակները նման կատաղի հակազդեցություն առաջացրել օրենքի դեմ։
-Այն, որ այդ օրենքը պետք է վաղուց ընդունված լիներ Հայաստանում, ես բոլոր ԶԼՄ-ներով գոռում-գոչում եմ արդեն 10 տարուց ի վեր։ Դա հայտնի FARA-ի օրենքն է՝ Foreign Agents Registration Act, որն ԱՄՆ-ն ընդունել էր դեռևս 1938-ին՝ 2-րդ Համաշխարհային պատերազմից առաջ, որպեսզի պաշտպանի իր պետությունն արտաքին գործակալական ցանցերից, առաջին հերթին՝ Գերմանիայի և Իտալիայի։
Այդ օրենքը շատ արդյունավետ օրենք է, քանի որ պաշտպանում է ցանկացած երկրի պետական անվտանգությունը և վերահսկում դրսից սնվող հասարակական կազմակերպությունների և առանձին ֆիզիկական անձանց ֆինանսական հոսքերն ու աղբյուրները։ Հիմա, եթե Վրաստանն ընդունի այդ օրենքը, բազմաթիվ դրսից սնվող կազմակերություններ, որոնք ներգրավված են անգլոսաքսոնական արդեն ձևավորված գրանտալափային ցանցի մեջ, կվտանգեն իրենց գոյությունը, իսկ դա, ի վերջո, կտանի Վրաստանում այդ դաշտի մաքրմանը, ինչը բոլորովին ձեռնտու չէ անգլոսաքսերին։ Դրա համար էլ նրանք ամեն կերպ փորձում են կանխել այդ օրենքի ընդունումը։ Հատկապես հիմա, երբ ռուսական և ագլոսաքսոնական կայսրությունների միջև առճակատումը հերթական անգամ սարսափելի թեժացել է, այդ օրենքն ուղղակի կխփի անգլոսաքսոնական ուժերին Վրաստանում, ինչը նշանակում է, որ վրացական տիրույթում անգլոսաքսոնական ուժերը կսկսեն նահանջել, և Վրաստանը քայլ առ քայլ դուրս կգա նրանց ազդեցության գոտուց։ Անգլոսաքսերի համար հիմա շատ կարևոր է Վրաստանում իշխանափոխություն իրականացնել, քանի որ, ընդհանուր առմամբ, այսօր Վրաստանը վարում է հավասարակշռված քաղաքականություն։ Հիմա գնում է կյանքի և մահու կռիվ անգլոսաքսերի և Ռուսաստանի միջև, և անգլոսաքսերը պատրաստ են 100 Վրաստան էլ կործանել, միայն թե թուլացնեն ու ոչնչացնեն Ռուսաստանը։
Ի դեպ նշեմ, որ Վրաստանում այդ կատաղի առճակատումը հաջողվում է, քանի որ այնտեղ գրանտալափային ցանցը ձևավորված և ամրացված է։ Վրաստանում 2003-ի Վարդերի գունավոր հեղափոխությունից հետո արդեն 20 տարի բուռն կերպով եփվում է նաև հակառուսականությունը։ Հիմա այս փորձությունից անկորուստ դուրս գալը կախված է Վրաստանի ազգային էլիտայի կամային հատկություններից, հակառակ դեպքում Վրաստանը հերթական անգամ կընկնի ռուսական մամլիչի տակ, ինչպես եղավ 2008-ին։
-Պարզ է, որ Հայաստանում այս իշխանության օրոք նման օրենք չի ընդունվի։ Սակայն ինչո՞ւ դա չի արվել նախկին իշխանությունների ժամանակ։
- Ես միշտ հրապարակավ ասում եմ, որ այսպես կոչված նախկին իշխանությունների թիվ մեկ, մահացու, կոպտագույն սխալն այդ օրենքի չընդունումն էր, ինչն էլ դարձավ նրանց գերեզմանը։
Երբ Հայաստանն անկախացավ, Արցախյան պատերազմի հաղթանակից հետո մեր պետության կարևորագույն ուղղություններում տեղի ունեցավ արտաքին ազեցության ուժեղացում։ Որո՞նք էին այդ ուղղությունները՝ ֆինանսական, կրթական, մակրոտնտեսական, պետական անվտանգություն, ԶԼՄ-ներ։ Արտաքին ազդեցության ուժեղացման հիմքերը Հայաստանում դրվեցին 1990-ականներին, և հիմա այդ ոլորտները վաղուց գրավված են արտաքին ազդեցության գործակալների՝ հիմնականում անգլոսաքսերի կողմից։
Հայաստանում գրանտալափային ցանցի կատաղի դրսևորումները սկսվեցին 2008-ին, երբ զանգվածային իմաստով երևաց, որ արդեն այդ ցանցը ձևավորված է։ Հետո եղավ «Էլեկտրիկ Երևանը», երթուղայինների «100 դրամի» ցույցերը և այլն։ Այդ ամենն արտաքին ազդեցության մարզումներն էին Հայաստանում։ Իսկ հետո եկավ 2018-ը, և օտարերկրյա գործակալները բաց չթողեցին հնարավորությունը։
-Այսինքն կարծում եք, որ եթե Հայաստանը ժամանակին ընդունած լիներ այդ օրենքը, ապա հնարավո՞ր կլիներ խուսափել այսօրվա աղետալի վիճակից։
-100% հնարավոր էր։ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի չընդունումը Հայաստանում հանգեցրեց այսօրվա ողբերգական վիճակին, քանզի այդ օրենքն այն կարևորագույն հենարանն է, որի դեպքում պետությունն ունենում է իրավական հիմք՝ երկիրը մաքրելու առաջին հերթին պետական անվտանգության տեսանկյունից, ինչն արեց ԱՄՆ-ն 1938-ին։ Իսկ 2010-ականներից այդ օրենքն ընդունել են Ռուսաստանը, Իսրայելը, Հունգարիան և մի շարք այլ պետություններ։ Գիտե՞ք ինչն է հետաքրքիր․ երբ 2012-ին ՌԴ-ն ընդունեց այդ օրենքը, ընդ որում ավելի թեթև տարբերակը, քան ԱՄՆ-ի օրենքն էր, առաջին դիմադրողները եղան հենց ԱՄՆ-ն և Ռուսաստանում գործող անգլոսաքսոնական գրանտալափային համակարգը։
-Փաստորեն նոր, ազգային իշխանության առաջին քայլերից մեկը պետք է լինի այդ օրենքի ընդունո՞ւմը։
-Այո։ Ի դեպ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրում այդ օրենքը ներկայացված է գործողությունների պլանում՝ հանգուցային գործողությունների մեջ։
-Պարոն Մեսրոբյան, արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանն առաջ է քաշում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» միֆ գաղափարը՝ փորձելով դրան հայեցակարգային, ռազմավարական բնույթ տալ։ Մենք առայժմ կարծես թե լուրջ չենք վերաբերում այդ ամենին, մինչդեռ Ադրբեջանը համակարգված աշխատում է, և մի գեղեցիկ օր այդ միֆը կարող է քննարկման առարկա դառնալ միջազգային հարթակներում։ Որքանո՞վ է դա վտանգավոր ու իրատեսական։
-Այդ պահանջը նոր չէ, այն կա արդեն մոտ 100 տարի և սկսվել է 1918-20թթ.-ից։ Ադրբեջան արհեստական պետության պրոյեկտը հենց դրա մարմնավորումն է, որը պետք է ունենա շարունակություն։ Ի դեպ, այդ պրոյեկտի մեջ շահագրգռված է նաև «Բրիթիշ Պետրոլիումը»։
Կարող ենք ասել, որ Հայաստանի գոյությունն այսօր վտանգված է 2 ուղղությամբ՝ մի ուղղությունն անգլոսաքսոնական հետաքրքրություններն ու շահերն են, հիմնականում՝ էներգակիրների նկատմամբ այս տարածաշրջանում, երկրորդ ուղղությունը՝ պանթուրքիզմը։
Այդ 2 ուղղությունները ենթադրում են, որ Հայաստանը չպետք է ֆիզիկապես գոյություն ունենա այս տարածաշրջանում, գուգահեռ՝ որպեսզի փակվի Ռուսաստանի մուտքը դեպի Հարավային Կովկաս։
1915-ին վերացավ Արևմտյան Հայաստանը, հիմա վերացնում են Արևելյան Հայաստանը։
-Հայաստանում նույնպես ակտիվ հակառուսական քարոզչություն է սերմանվում, ընդհուպ իշխանության ամենաբարձր մակարդակով։ Բայց եկեք ընդունենք, որ հասարակության մի լայն զանգված երբեմն արդարացիորեն է իր վրդովմունքն արտահայտում Հայաստանի նկատմամբ մեր դաշնակցի, մեղմ ասած, վիճահարույց գործելակերպից։ Ստացվում է, որ Հայաստանն ամեն կողմից անպաշտպա՞ն է։
-Անգլոսաքսոնական քարոզչության մեջ արդեն հարյուրավոր տարիներ օգտագործվում է իրականությունը 180 աստիճանով նենգափոխելու տեխնոլոգիան։ Այո, մեզ մոտ կան ուժեր, որոնք պարբերաբար բարձրաձայնում են թուրք-ռուսական տանդեմի մասին, բայց իրականում 100 տարի ի վեր Հայաստանի դեմ գործում է թուրք-անգլոսաքսոնական տանդեմը։ Բայց որպեսզի ծածկեն այդ տանդեմը, առաջ են քաշում լրիվ հակառակ թեզ։
1918-20թթ․-ին, երբ արդեն առաջ էր եկել թուրքական պետության գոյության հարցը, և հունական բանակը մոտենում էր Անկարային, Քեմալ Աթաթուրքը կտրուկ փոխեց Թուրքիայի քաղաքականությունը․ մինչ այդ Օսմանյան կայսրությունն ու Ռուսական կայսրությունը մի քանի դար 13 կատաղի, արյունալի պատերազմներ էին մղել, ինչի արդյունքում արդեն առաջ էր քաշվում Թուրքիայի ֆիզիկական գոյության հարցը։ Բայց Աթաթուրքը սկսեց ՌԴ-ի նկատմամբ շատ ավելի զգուշավոր քաղաքականություն վարել։ Հենց այնպես չէր, որ 1918-20թթ․-ին թուրքերը սկսեցին աջակցել Կոմունիստական Ռուսաստանին։ Երբ ռուսական և անգլոսաքսոնական կայսրությունների առճակատումը սաստկանում է, Թուրքիան միանգամից փորձում է նստել 2 աթոռների վրա։ Հիմա էլ նույնն է։
Կրկին հիշեցնեմ՝ 2018-ից հայկական աշխարհում հաղթել է թուրք-անգլոսաքսոնական տանդեմի ուղղությունը։ Իրենք հիմա կարող են ամենաբարեհունչ ձևակերպումները տալ Արցախի հարցի լուծմանը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, բայց իրենց նպատակը մեկն է՝ ֆիզիկապես վերացնել հայկական գործոնը մեր տարածաշրջանից։
Հիշեցնե՞մ, թե ինչպես 1915-ին ավարտվեց 1878-ի Բեռլինյան համաժողովը, որտեղ խոսում էին Օսմանյան կայսրությունում հայերի իրավունքների մասին և այլն։ Նույնն էլ այսօր։ Այստեղ հարցը միայն Արցախը չէ, հարցը հայկական աշխարհն է՝ Արցախ, Հայաստանի Հանրապետություն։
Այն մարդիկ, ովքեր ասում են՝ Արցախը տանք, որ գոնե Հայաստանը պահենք, կա՛մ կատարյալ ապուշ են, կա՛մ ուղղակի ծախված։
Աղբյուրը՝ ankakh.com