կարևոր
3880 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-09 12:37
Տարածաշրջան

Վրաստանում ուժայինները բացել են Ռուսթավելիի պողոտան, 130-ից ավելի մարդ ձերբակալվել է

Վրաստանում ուժայինները բացել են Ռուսթավելիի պողոտան, 130-ից ավելի մարդ ձերբակալվել է

Վրաստանի հատուկ նշանակության ջոկատները կեսգիշերին ցրել են օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի դեմ բողոքի ակցիան և ամբողջովին զբաղեցրել խորհրդարանի դիմացի հրապարակը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Грузия Online պարբերականին:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիի կենտրոնում մարտի 7-8-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ձերբակալվել է 133 մարդ:

Իր հերթին Sputnik գործակալության վրացական ծառայությունը հաղորդում է, որ ցուցարարները հեռացել են խորհրդարանի դիմացի տարածքից, հատուկ ծառայությունները մաքրել են ճանապարհը, և Ռուսթավելիի պողոտան բաց է երթևեկության համար:

Մարտի 8-ին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ակցիային մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Մոտավորապես ժամը 22:00-ից իրավիճակը սրվել է: Ցուցարարները վերջնագիր են ներկայացրել իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը՝ պահանջելով հետ կանչել աղմկահարույց օրինագծերը և ազատ արձակել մարտի 7-ի ակցիայի ժամանակ ձերբակալվածներին:

Իշխող կուսակցությունը չի կատարել վերջնագիրը, և ցույցն ագրեսիվ բնույթ է ստացել. ցուցարարները շրջապատել են խորհրդարանի շենքը, կոտրել օրենսդիր մարմնի ապակիները, խանութների ցուցափեղկերը, այրել են մեքենաներ և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել ոստիկանների վրա: Ի պատասխան՝ իրավապահները գործի են դրել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել:

Արձագանքելով Վրաստանում ստեղծված իրավիճակին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ լարվածությունը սրող գործողություներից:  Գուտերեշը նաև ընդգծել է տեսակետների ազատ արտահայտման և ԶԼՄ-ների անարգել աշխատանքի, քաղաքացիական հասարակության աշխատանքի կարևորությունը:

Ըստ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի՝ օտարերկրյա ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական այն անձինք, որոնց տարեկան եկամուտների 20 %-ից ավելին ստացվում է արտասահմանից: Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Ընդդիմությունը կտրականապես դեմ է այս օրինագծին՝ նշելով, թե դրա համար հիմք է ծառայել Ռուսաստանում ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը:

Օրինագծին դեմ են արտահայտվել նաև ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հանձնակատարը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր է վետո դնել օրենքի վրա, սակայն խորհրդարանն իրավունք ունի շրջանցել այդ վետոն: