կարևոր
3337 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 15:22
Հասարակություն

Ստեփանակերտում ավելի քան 130 բնակչի վառելափայտ և վառարան է տրամադրվել. գործընթացը շարունակվում է

Ստեփանակերտում ավելի քան 130 բնակչի վառելափայտ և վառարան է տրամադրվել. գործընթացը շարունակվում է

Ստեփանակերտի քաղաքապետարանն ընդունում է դիմումներ բոլոր այն բնակիչներից, ովքեր վառելափայտի և վառարանի անհրաժեշտություն ունեն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը:

«Դիմումներն ընդունելուց հետո ստուգվում է՝ արդյո՞ք, դիմումատուն ունի փայտի կամ վառարանի անհրաժեշտություն: Եղել է վառելափայտի դիմում, որի ստուգման արդյունքում պարզվել է, որ քաղաքացին դրա կարիքը չունի։ Այնուհետև բավարարված հայտերի ցանկն ուղարկվում է Արցախի Հանրապետության Ջրային կոմիտե»,- մանրամասնեց Սամվել Ղուլյանը:

ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը հայտնեց, որ քաղաքապետարանի կողմից բավարարված հայտերի հիման վրա «Ջրային տնտեսություն» ՓԲ ընկերությունը անվճար հիմունքներով տրամադրում է վառելափայտ և վառարան։

«Մեկ հայտի համար նախատեսվում է 2 խորանարդ մետր վառելափայտ»,-ասաց Գ. Հայրիյանը:

Նրա խոսքով՝ Պատարայի ջրամբարի թասի մաքրման արդյունքում բավականին վառելափայտ կունենան և քանի որ այդ աշխատանքները կազմակերպվում են Ջրային տնտեսության միջոցով, ապա որոշվել է, որ կոմիտեն կղեկավարի այդ գործընթացը։

«Արդեն 135 դիմումատու ստացել է ընդհանուր առմամբ 346 մետր խորանարդ վառելափայտ: Քաղաքացիներին տրամադրվել է նաև 26 կոմպլեկտ-վառարան»,-մանրամասնել է Կոմիտեի ղեկավարը։