կարևոր
7843 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 19:55
Հասարակություն Տնտեսական

Լավ հասկանում են՝ ՌԴ-ից եկող գումարները հավերժ չեն. փորձում են Ամուլսարի միջոցով լրացուցիչ տնտեսական աճ ապահովել հաջորդ տարիների համար. տնտեսագետ

Լավ հասկանում են՝ ՌԴ-ից եկող գումարները հավերժ չեն. փորձում են Ամուլսարի միջոցով լրացուցիչ տնտեսական աճ ապահովել հաջորդ տարիների համար. տնտեսագետ

Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ ցուցանիշը 8 տրլն 496 մլրդ 777 միլիոն դրամ է: Նախորդ տարվա համեմատ՝ ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով: Ամենաբարձր աճ արձանագրած ոլորտներն են՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունն ու կապը, ինչպես նաև՝ փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը:

168.am-ը տնտեսագետ Սուրեն Պարսյանից հետաքրքրվեց՝ ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ ապահովված այս տնտեսական աճը խոստանում է կայուն տնտեսական հեռանկա՞ր, թե՞ ավելի է մեծացնում տնտեսության խոցելիությունը:

Տնտեսագետն ի պատասխան՝ նախ ներկայացրեց  2022 թ. տնտեսական աճի ցուցանիշները՝ արձանագրելով, որ տնտեսական առումով անցած տարին անկանխատեսելի էր, ապա նաև խոսեց ՀՆԱ-ի աճի, կառուցվածքի ու դրանից բխող խնդիրների մասին:

«Եթե 2022 թվականի առաջին կեսին հոռետեսական կանխատեսումներ կային ՀՀ տնտեսության հեռանկարի առնչությամբ, ապա երկրորդ կեսին իրավիճակը ճիշտ հակառակն էր, քանի որ չէր կանխատեսվում՝ ՀՀ կտեղափոխվեն ՌԴ, Բելառուսի, Ուկրաինայի շուրջ 65 հազար քաղաքացիներ, որոնք իրենց հետ կբերեն նաև բավականին լուրջ գումարներ:

2022 թվականի ընթացքում ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել շուրջ 4 միլիարդ դոլարի չափով տրանսֆերտներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 3.5 անգամ ավելի շատ է, ինչը խթանեց ՀՀ-ում ներքին պահանջարկը՝ առևտրի, ֆինանսական, ծառայությունների ոլորտներում»,- նշեց տնտեսագետը, ապա հիշեցրեց, որ, թեև պետական բյուջեով նախատեսված էր  7 տոկոս տնտեսական աճ, 2022 թվականին արձանագրվեց 12.6 տոկոս:

«Այդ 7 տոկոս աճի հիմքում դրված էր Ամուլսարի շահագործումը, բայց նույնիսկ անցյալ տարի էլ չշահագործելով Ամուլսարը՝ ունեցանք այս ցուցանիշը: Նշեմ. այս ցուցանիշի հետ մեր կառավարությունն առհասարակ կապ չունի»:

Սուրեն Պարսյանն ընդգծեց՝ խնդրահարույց է հատկապես 2022 թվականի ընթացքում ՀՆԱ-ի աճի կառուցվածքի փոփոխությունը: Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ ցանկացած երկրի համար կարևոր է ոչ միայն ՀՆԱ-ի աճը, այլև այդ աճի կառուցվածքը՝ թե որ ոլորտը ՀՆԱ-ում ինչ մասնաբաժին ունի:

«Դա թույլ է տալիս հասկանալ տնտեսական աճի որակը, երկրի մրցունակությունը, դինամիկան»,- պարզաբանեց մասնագետը:

Անդրադառնալով տնտեսական ոլորտներին՝ նա խոսեց գյուղատնտեսության ոլորտում 0.7 տոկոս անկման մասին՝ շեշտելով, որ դրա  հետևանքով ՀՆԱ-ում նվազել է գյուղոլորտի տեսակարար կշիռը՝ կազմելով  10.4 տոկոս:

«Սա էլ ավելի է վատթարացրել մեր պարենային անվտանգության խնդիրը: Գյուղոլորտի անկումը, անշուշտ, պայմանավորված է նաև անվտանգային խնդիրներով. ՀՀ սահմանամերձ շրջանների համայնքները մեծ կորուստներ ունեն, քանի որ այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելը դարձել է   խիստ վտանգավոր: Սրան գումարած՝ նաև պետության գյուղատնտեսական ծրագրերի անարդյունավետությունը: Այս իրավիճակում 2022 թվականին ունենք սննդամթերքի գների շուրջ 13 տոկոս աճ, բայց այդ մակարդակի գնաճ չէինք ունենա, եթե գյուղոլորտում անկում չունենայինք»,- մանրամասնեց Սուրեն Պարսյանը:

Հաջորդ ոլորտը, որի տեսակարար կշիռը նվազել է ՀՆԱ-ում, հանքարդյուանբերությունն է: Ըստ տնտեսագետի, չնայած 2022 թվականի ընթացքում բավականին մեծ արտահանում է կատարվել՝ ի հաշիվ մետաղի գների աճի, այդուհանդերձ, ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 3.8 տոկոս:

«Սա պայմանավորված է հիմնականում Թեղուտի հանքի շահագործման խնդիրներով: Եվ այժմ կառավարության կողմից  Ամուլսարի ծրագրի վերագործարկումը նպատակ ունի նաև հանքարդյունաբերության տեսակարար կշիռն ավելացնել, տնտեսական աճի համար լրացուցիչ գործոններ ստեղծել: Նրանք լավ հասկանում են, որ այս աճը, ՌԴ ից եկող գումարները հավերժ չեն, և փորձում են Ամուլսարի միջոցով լրացուցիչ տնտեսական աճ ապահովել հաջորդ տարիների համար»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Սուրեն Պարսյանը խիստ մտահոգիչ համարեց հատկապես մշակվող արդյունաբերության  աճը, որը կազմում է ՀՆԱ-ի 11.7 տոկոսը՝ հիշեցնելով, որ  կառավարությունն իր 2021-2026 թվականների ծրագրով նախատեսել էր մշակվող արդյունաբերության տեսակարար կշիռը հասցնել 15 տոկոսի:

«Կարող ենք արձանագրել, որ 2022 թվականի տնտեսական աճից հիմնականում օգտվել է ֆինանսաբանկային համակարգը. այս ոլորտն անցած տարում գրանցել է  46.9 տոկոս աճ: Այս աճի հաշվին ֆինանսաբանկային համակարգը ՀՆԱ-ում ավելացրել է իր մասնաբաժինը՝ կազմելով 8 տոկոս: Նմանատիպ իրավիճակ ունենք նաև շինարարության ոլորտում: Սրանք այն ոլորտներն են, որոնք հետագայում կարող են դառնալ գլխացավանք ՀՀ տնտեսության համար. մենք ունենք բնակարանաշինության բում շուկայում՝ հիմնականում բանկերի կողմից խթանվող, բայց երբ ունենանք եկամուտների նվազում, դրսից տրանսֆերտների կրճատում, ապա լուրջ խնդիր է լինելու  հիպոթեքային վարկերի սպասարկումը, ինչը կարող է փլուզել ողջ հիպոթեքային շուկան,- 2022 թվականի ցուցանիշներն ամփոփելով՝ նշեց Սուրեն Պարսյանը և հավելեց,- 2022 թվականի տնտեսական աճը չի բարելավել ՀՀ տնտեսական կառուցվածքային խնդիրները. շահույթները հիմնականում գերկենտրոնացվել են, տրանսֆերտներից կախվածությունն էլ ավելի է խորացել,  անշարժ գույքի փուչիկն էլ ավելի է մեծացել, ինչպես նաև՝ էլ ավելի է սրվել պարենային անվտանգության խնդիրը: Երկրի տնտեսական քաղաքականությունը չի կարող կարճաժամկետ թիրախներ ունենալ և մշտապես սպասարկել ֆինանսաբանկային համակարգի շահերը»,- ամփոփեց միտքը տնտեսագետը: