կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-19 11:43
Հասարակություն

Ոնց որ լավ չեք հասկանում, հա՞. վարչապետը բարկացավ ետնամուտքով դուրս եկող նախարարների վրա

Ոնց որ լավ չեք հասկանում, հա՞. վարչապետը բարկացավ ետնամուտքով դուրս եկող նախարարների վրա

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց նախարարներին, նրանց նախատեց` ասելով, որ այսուհետ նրանք ոչ թե ետնամուտքով հեռանան ու խուսափեն լրագրողների հարցերից, այլ իջնեն կենտրոնական մուտքի մոտ ու պատասխանեն լրագրողների հարցերին: Վարչապետի խոսքով՝ լրագրողների հետ պետք է հաղորդակցվել, այլ ոչ թե հեռանալ ետնամուտքերից:

«Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրության ներկայացուցիչներին ու լրատվամիջոցներին ներկայացնենք մեր աշխատանքը: Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Հորդորում եմ բոլոր նախարարներին` ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցերում: Հարկ է, որ բոլոր նախարարներն օգտագործեն թե\' նախապես ծրագրված, թե\' առաջացող հնարավորությունները առավել բաց հաղորդակցության համար: Օրինակ` կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ, յուրաքանչյուրս պետք է օգտագործենք այս առիթը` հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար, այլ ոչ թե, ասենք, դուրս գանք այլ մուտքով: Կամ` վերջերս անընդհատ հարցեր են բարձրացնում վարկերի մասին: Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած, պաբերաբար հանրությանը ներկայացնել իրականացվող ծրագրերի արդյունքները` կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով և դժվարություններով: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք և պետք է դա ապացուցենք մեր վարքով ու գործով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ի դեպ, վարչապետը նիստի ընթացքում նաև աղմկելու համար դիտողություն արեց գերատեսչությունների ղեկավարներին: «Էդ վերջում քիչ խոսեք` ասացի: Ոնց որ լավ չեք հասկանում, հա՞, որ ձեզ մի անգամ ասում են»,- զայրացավ նա: