Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ ՀՀ նոր կառավարության իրականացրած քայլերին: Ըստ նրա` բոլորի համար սկսվել է բավական բարդ և հետաքրքիր շրջան:
Տնտեսագետի կարծիքով` նոր կառավարության ղեկավարով չպետք է պայմանավորել բարեփոխումները, սակայն դրական ազդակները հնարավոր է պայմանավորել նոր վարչապետով: Նա նշեց, որ հետաքրքիր ներդաշնակություն կա կառավարության ծրագրի ու բյուջեի միջև, ինչը նախկինում չի եղել: Օրինակ` երբ ծրագրում ասվում է, որ պետք է անցնել խնայողությունների, պակասեցնել ծախսերն ու ավելացնել եկամուտները, ապա բյուջեում այն արտահայտված է` պարգևատրումների կտրուկ նվազում, աշխատավարձի ֆոնդի վերանայում, պետական ծախսերի օպտիմալացում: Իսկ մնացած հարցերը` «կարմիր, կապույտ, կանաչ գծեր» և այլն, կարևոր են, բայց` ածանցյալ:
Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական կառավարության նախատեսած 3,2 տոկոս տնտեսական աճը, և կա՞ հնարավորություն ավելի շատ տնտեսական աճ ունենալու, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Իր բոլոր խնդիրներով հանդերձ, Հայաստանի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, քան Ռուսաստանինը, որը կախում ունի մեկ-երկու ճյուղից: Կարծում եմ` Հայաստանի կառավարության համար շատ դժվար է լինելու այս ընթացքում ապահովել 3,2 տոկոս տնտեսական աճ, որովհետև կուտակված են բազմաթիվ խնդիրներ, կան լրջագույն խոչընդոտներ, բայց եթե կառավարությունը հետևողականորեն ու երկար պաշտոնավարի, եթե ոչ` 2017-ին, ապա 2018-ին կարող է ապահովել երկնիշ տնտեսական աճ»:
Տնտեսագետը լավատեսությամբ է լցված նոր կառավարության հանդեպ և կարծում է, որ եթե բոլորը վստահությամբ լցվեն, լավ կլինի: «Ճիշտ է, կա վստահության դեֆիցիտ, սակայն անվստահության մթնոլորտում որևէ քայլ չի կարող առաջ գնալ, ուստի հայ հասարակությունը այլընտրանք չունի, պետք է վստահի կառավարությանը և, վստահելով, պահանջի»,- ասաց Մանասերյանը: