կարևոր
3814 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 20:57
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարներին «պատանդ» էին պահել Թուրքիայում, որ Միրզոյանը նրանց հետ լուսանկարվի․ Գ․ Մանուկյան

Հայաստանը փորձում է ամեն օր նոր զիջումով, նոր քծնանքով սիրաշահել Թուրքիային, որը վստահաբար չի հաջողելու։ Իրականում փոխշահավետ, կամ հավասարը հավասարի հարաբերությունների կարգավորման գործընթաց այս դեպքում չկա։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Բանախոսի դիտարկմամբ, եթե այլ երկրների օգնությանը արձագանքում էին բարձր մակարդակով՝ հայկական մարդասիրական օգնությանը, Թուրքիա փրկարարներ ուղարկելուն Թուրքիայից արձագանքել են միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցով բանակցողի թվիթերյան կարճ գրառումով, որը, նույնիսկ ԱԳՆ էջում տեղ չգտավ։ Ո՛չ թե Հայաստանին էր շնորհակալություն հայտնում, ո՛չ թե Հայաստանի իշխանություններին, նույնիսկ արտաքին գործերի նախարարին, այլ փոխարտգործնախարար երիտասարդ Վահան Կոստանյանին՝ նոր նշանակված, որը զարմանալի էր, որովհետև Վ․ Կոստանյանի անունը պաշտոնապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում չկա, և հայկական կողմի բանակցող Ռուբեն Ռուբինյանին։

Գ․ Մանուկյանը այն կարծիքին է, որ երեկվա ամբողջ մամուլի ասուլիսը նախապայմանների մասին էր։ Թուրքիան իր և Հայաստանի հարաբերությունները պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններով։ Նույն երկրաշարժի փրկարարական որոնողական աշխատանքներում բազմաթիվ են վկայությունները, երբ խտրական վերաբերմունք է դրսևորվել ըստ ազգային պատկանելության՝ սեփական քաղաքացիների նկատմամբ։ Հատկանշական է՝ Ա․ Միրզոյանը երեկ գնացել էր Անկարա, գրկախառնվում էր Չավուշօղլուի հետ, այդ պահին իր իսկ կուսակցության անդամ Կ․ Հասանովը քրդական համայնքի ներկայացուցիչների հետ ՄԱԿ-ի դիմաց բողոքի ցույց էր անում, որ քրդաբնակ շրջանները մնացել են անպաշտպան և փրկարարական աշխատանքներ չեն իրականացվում։ «Այս առումով որևէ նոր տվյալ չկա, որ Հայաստանի ռազմավարությունը փոխվի։ ՀՀ անվտանգության ռազմավարությունը՝ վերջինը, ընդունվել է 2020 հունիս ամսին, որտեղ հստակ ասվում է, որ Թուրքիան ապակառուցողական դիրքորոշում ունի տարածաշրջանում, Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունի, Արցախյան հավանական կոնֆլիկտի դեպքում անմիջական մասնակցություն կունենա»,- նշեց բանախոսը։

Անդրադառնալով Թուրքիայում փրկարարական աշխատանքներին, պատգամավորը նշեց, որ դրանք բազմաթիվ սկանդալներով ուղեկցվեցին։ Որոշ փրկարարական խմբեր ավելի վաղ դուրս են բերվել, քանի որ անվտանգության խնդիր կար։ «Ի դեպ, Ա․ Միրզոյանը, երբ երեկ մեր փրկարարների ձեռքսեղմումն էր կազմակերպում՝ փրկարարնեը նախորդ օրը արդեն պատրաստվել էին վերադառնալ, բայց պայմանական ասեմ՝ «պատանդ» էին պահվել, որ Ա․ Միրզոյանը նրանց հետ լուսանկարվի»,- եզրափակեց Գ․ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։