կարևոր
6037 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-29 16:22
Հասարակություն

Սուրբ Պատարագ և ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առիթով

Սուրբ Պատարագ և ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առիթով

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեց ու տեղեկատվական համակարգը։

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Մովսես վարդապետնը, խոսելով մեր կյանքում առկա դժվարությունների ու փորձությունների մասին, ընդգծեց, որ Տերը մեզ պատգամում է՝ «Մի՛ վախեցեք» (Հովհ․ 6։20), քանզի վախը հաղթահարելով, ապագայի հույսով, հավատով ու ապաշխարությամբ կկարողանանք հասնել փրկության նավահանգիստ։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ պատարագիչ Հայր Սուրբը մասնավորաբար նշեց. «Հայոց անկախ պետականության մեջ պատերազմների արհավիրքներով, մեծագույն փորձություններով, կորուստների ու ձեռքբերումների բովով անցած Հայոց Բանակն այսօր տոնում է կազմավորման 31-ամյակը։ Բոլորս վստահ գիտակցում ենք, որ մեր պետականության, անկախության, անվտանգության գլխավոր երաշխիքն ու հենարանը Հայոց Բանակն է»։

Վերջում Հայր Մովսեսը աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի Տերն ուժ և իմաստություն պարգևի Հայոց Բանակի յուրաքանչյուր զինծառայողի՝ ականջալուր լինելու աստվածային «մի՛ վախեցիր» կոչին, պայքարի ոգով լցվելու, վճռական եռանդով գործելու, քաջությամբ հաղթահարելու փոթորիկներն ու դժվարությունները՝ հանուն վաղվա հաղթանակների։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրենյաց պաշտպանության մարտերում զոհված քաջարի հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար:

Ապա «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բանակի օրվա կապակցությամբ ի դեմս ներկաների իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայակազմին, զինվորներին և գնդերեցներին։

Նորին Սրբությունն ի մասնավորի անդրադարձ կատարեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, պատերազմի աղետալի հետևանքներին և դրանց հաղթահարման ու դիմագրավման գործում Հայոց բանակի կարևոր առաքելությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունը, գնահատանքն ու սերը փոխանցեց Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին՝ մաղթելով Աստծո օգնականությունն ու պահպանությունը, քաջառողջ կյանք և արդյունաշատ առաքելություն ի շինություն Հայրենիքի և մեր ազգի բարօր կյանքի:

Զինվորականության անունից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՀՀ ԶՈւ նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար՝ հավաստիացնելով, որ ՀՀ ԶՈւ սպայական կազմը պատրաստակամ է շարունակելու իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանության և անվտանգության խնդիրների լուծման գործում: