Սուրբ Էժմիածնի Մայր տաճարում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվում է կիրակնօրյա պատարագ։
Այսօրվա խորհուրդն է. «Առավել ուշադիր եղեք ձեր հոգիներին, որտեղից բխում է բարիք կամ չարիք, որովհետև մենք ենք մեր հոգիները լցնում Աստծով կամ չարով, երբ մեղք ենք գործում»;
Մեծ Պահքի երկրոդ կիրակին կոչվում է նաև Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց:
Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «…հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):
Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար։