կարևոր
7237 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-14 12:12
Հասարակություն

Նախատեսվում է 2024 թ.-ից ապահովել առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումը. նախագիծ. «Փաստ»

Նախատեսվում է 2024 թ.-ից ապահովել առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումը. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հիմնական հայեցակարգային մոտեցումները, ակնկալվող արդյունքները, մասնավորաբար հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, կյանքի միջին տևողության ավելացումը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազումը: Նախագծում ներկայացվել է նաև Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրման ռազմավարությունը, ըստ ներդրման փուլերի իրականացման ենթակա միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները։

Նախարարությունն ընդգծում է` ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է: Հայեցակարգը պետք է հիմք լինի առողջապահության նախարարության կողմից իրականացվող համալիր միջոցառումների հայեցակարգային մոտեցումները ամրագրելու, ԱՀԱ մասին օրենքը, այլ հարակից օրենսդրական փոփոխությունները մշակելու և 2024 թ.-ից առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումն ապահովելու համար: Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետ ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ համապատասխան ֆինանսական միջոցների պայմաններում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով:

Սակայն, երբ դիտարկվում են այն միջոցները, որոնց հաշվին ապահովվում են այդ ցուցանիշները, ապա նկատելի է, որ Հայաստանն ունի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ ցածր պետական ֆինանսավորում՝ վերջին 25 տարվա ընթացքում ապահովելով առողջապահության բնագավառի մասով համախմբված բյուջեի ծախսերի 5,4 տոկոսը կամ ՀՆԱ-ում շուրջ 1,4 տոկոսը, որն առնվազն 4 անգամ պակաս է Հայաստանի հետ միևնույն եկամտային խմբում գտնվող երկրների միջին ցուցանիշներից։ Ոչ բավարար չափով ֆինանսավորումը բերել է ծառայությունների մատուցման համակարգի մասնատման, իրական ծախսերից ցածր փոխհատուցվող գների, բժշկական մասնագիտացված անձնակազմի բացակայությանը մարզերում:

Ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը, և ֆինանսական պատճառներով ոչ աղքատ բնակչության 12,6 տոկոսը, աղքատների 24,5 տոկոսը և ծայրահեղ աղքատների 49 տոկոսը չի հաճախում ԱԱՊ բժշկի: Առողջապահության պետական ֆինանսական միջոցների պակասը և գրպանից դուրս կատարվող ծախսերի անկառավարելիությունը խոչընդոտում են համակարգի զարգացմանը և բժշկական օգնության ու սպասարկման որակի բարելավմանը, նպաստում բազմաթիվ ընտանիքների աղքատացման առողջապահական ծախսերի պատճառով, խոչընդոտում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության և ֆինանսական մատչելիության բարելավմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում