Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի կոշտ արձագանքից հետո Փաշինյանը հետքայլ է անում, ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում այսպես է մեկնաբանում վարչապետի 2 օր առաջվա հայտարարությունը, թե Հայաստանին չի եղել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ։
Փաշինյանն ասել էր՝ երբ Անվտանգության խորհրդի քարտուղարը վերջերս հայտարարեց, թե Հայաստանին ստիպում են անդամակցել միութենական պետությանը, փորձագետների հայտարարություններն ու ոչ պաշտոնական շփումներն է նկատի ունեցել։
«Օրինակ՝ փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ կարելի է համարել: Գրիգորյանը, ենթադրում եմ, այդ թվում դրանք է նկատի ունեցել», - նշել է վարչապետը:
«Այդ պնդումից հետո, երբ ստացանք ռուսական պաշտոնական շրջանակների հերքումը և պահանջը՝ ներկայացնել փաստեր, Փաշինյանը ստիպված պետք է լղոզեր իր ամենամտերիմ զինակիցներից Արմեն Գրիգորյանի ասածը, որպեսզի չխայտառակեր իրեն: Ի՞նչ է նշանակում փորձագիտական շրջանակներ ասելը, նուն հաջողությամբ Արմեն Գրիգորյանը, եթե հիշեր իր ոչ վաղ անցյալը և հասարակական տրանսպորտով երթևեկեր, կարող էր ասել, որ երթուղային տաքսիում եմ լսել, որ պարտադրում են, որ Հայաստանը անդամակցի միութենական պետությանը: Սա ուղղակի խայտառակություն էր», - ասաց Արթուր Խաչատրյանը:
Մինչ իշխանական որոշ պատգամավորների կարծիքով՝ Ռուսաստանը մղում է Հայաստանին միութենական պետություն, ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը կասկածում է, թե Հայաստանն այժմ Ռուսաստանին պետք է նույն միության մեջ:
«Այսօր Ռուսաստանն ինքը այնքան պրոբլեմ ունի, որ մի հատ էլ միութենական պետություն հրավիրել մի պետության, որը հավելյալ խնդիրներ կառաջացնի, կարծում եմ, որ նման բան հիմա չի կարող լինել», - ընդգծեց պատգամավորը: