Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
7or.am-ը գրում է. Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության մասին հայտարարություն արեց։ Նա պաշտոնապես ձեռքերը լվաց Արցախից՝ հայտարարելով, որ Լաչինի միջանցքի խնդիրը և Արցախի հարցն ընդհանրապես ռուս–ադրբեջանական տիրույթում է։ Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Փաշինյանը, շատ լավ իմանալով, որ ԱլիևըՍտեփանակերտի հետ իր շփումները պատկերացնում է բացառապես ադրբեջանական օրենսդրության շրջանակներում և համաձայնություն տալով ալիևյան տեսակետին, ղարաբաղցիներին կոչ է անում Բաքվի հետ ուղիղ խոսել (իր այդ մոտեցումը նա քողածածկում է «ստեղծել Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմներ» ձևակերպման տակ), ապա դավաճանությունն ամբողջական կդառնա։
Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հարցի հետապնդումից ու Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Նա իր այդ դավաճանությունն այժմ ուզում է գցել Ռուսաստանի գրպանը՝ վերջինիս մեղադրելով պարտավորությունները չկատարելու համար և ձեռքի հետ էլ տարածելով այն միտքը, թե, իբր, Լաչինի միջանցքը փակել են ռուսները, որպեսզի Հայաստանին մտցնեն միութենական պետության մեջ ու «Զանգեզուրի միջանցքը» ստանան։ Նման լկտի ստերով Նիկոլը փորձում է արդարացնել իր դավաճանությունը, թե բա՝ ՀՀ ինքնիշխանությունն եմ պաշտպանում։
Իրականությունն այն է, որ Լաչինի միջանցքը փակվել է, քանզի Նիկոլը Պրահայում պաշտոնապես ճանաչել է Արցախն ադրբեջանական։ Դա է պատճառը, որ Ալիևը փակել է միջանցքն ու պահանջում է «իր»հանքերը չշահագործել։
Նիկոլը շատ լավ գիտի, որ պետական դավաճանությամբ է զբաղվում, բայց դա անում է, որպեսզի իր կաշին փրկի։
Նիկոլը գիտի, որ եթե Ռուսաստանն իր գլուխն ազատի ուկրաինական խնդիրներից, զբաղվելու է Հարավային Կովկասով։ Նա նաև գիտի, որ երբ էլ լինի իշխանափոխությունը, ինքը դատվելու է, ուստի՝ շահագրգռված է, որպեսզի իրեն ապագայում դատող սուբյեկտը՝ Հայաստանի Հանրապետությունը, չլինի։
Նիկոլն այժմ դեմագոգիկ ձևով տարածում է, թե, իբր, Ղարաբաղի հանձնման գնով ուզում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրը փրկել, բայց դա մեծագույն բլեֆ է։ Իր խնդիրն այս փուլում հայ–ռուսական հարաբերությունները թշնամական դարձնելն է, Արցախից ռուս խաղաղապահներին ու հետո Հայաստանից ռուսական ռազմաբազան հեռացնելն է։ Նիկոլի հետ հենց այդ թեման է քննարկել Բրիտանական հետախուզական ծառայության թուրքամետ ու հակառուսականության դրոշակակիր Ռիչարդ Մուրը։
Նիկոլը հույս ունի, որ թուրքական ազդեցության տակ Հայաստանը որպես ձևական պետություն կմա, ինքը կկարողանա պահել իր իշխանությունը և շարունակել փող աշխատելը, իսկ եթե դա չստացվի, ապա Հայաստանի կործանման գնով որևէ ապաստան գտնել արևմտյան երկրներից մեկում։
Այս ծրագրի կյանքի կոչման համար Նիկոլը կարևորում է Հայաստանում հակառուսական հիստերիա բարձրացնելն ու ամեն ինչում ռուսներին մեղադրելը։
Ի դեպ, Լաչինի միջանցքի պահով բազմաթիվ հարցեր են առաջանում։ Նիկոլն ու Արցախի Նիկոլը՝ Արայիկ Հարությունյանը, ինչո՞ւ հանձնեցին Աղավնոն, ինչո՞ւ այլընտրանքային ճանապարհները մինչև հիմա չեն սարքվել, ինչո՞ւ է անտեր մնացել Արցախի տարածքը։ Ասֆալտ անելով հպարտացող Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ ՀՀ բոլոր ռեսուրսները չի դնում ու շրջանցող ճանապարհ չի կառուցում, չէ՞ որ դա է առաջնայինը, այլ ոչ թե էժանագին մրցանակաբաշխություններ կազմակերպելը։ Այս հարցերը հռետորական են, քանզի դրանց պատասխանները պետք է փնտրել դավաճանական ծրագրերի իրականացման մեջ։
Մի խոսքով, գործ ունենք պետական դավաճանության բացահայտ ակտի հետ։ Նիկոլին կա՛մ կհաջողվի հեռացնել, կա՛մ նա կհեռացնի Հայաստանը քարտեզի վրայից։ Այլ տարբերակ չկա։
Կորյուն Մանուկյան
Հ․Գ․ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլը կրկին ասել է, որ պատրաստ է դելիմիտացիա իրականացնել Ադրբեջանի հետ, բայց «մոռացել» է պատասխանել Ադրբեջանին, որը 8 գյուղ է պահանջում։ Նիկոլն իր լռությամբ, փաստորեն, բավարարել է ադրբեջանական այս պահանջը ևս։
Փաստորեն, Նիկոլի 29.800 կիլոմետրը խիստ հարաբերական է։ Ինքը ձևականորեն հայտարարում է, թե բա մեզ համար 29.800–ը կարմիր գիծ է, բայց հիմա այդ կարմիր գծից պաշտոնապես Ադրբեջանն անցել է 150 քառակուսի կիլոմետրի չափ։ Եվ ի՞նչ։ Ոչի՛նչ։
Նիկոլական տրամաբանությամբ՝ եթե Ադրբեջանը մտնի Երևան, ապա ինքը կրկին կհայտարարի, որ դա կարմիր գիծ է, ինքն ինքնիշխանիստ է և կշարունակի սպասարկել թուրք–ադրբեջանական տանդեմի ծրագրերը։