կարևոր
3031 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-27 14:21
Քաղաքական

Մեկ դերասանի թատրոն` այս անգամ Շիրակի մարզպետարանում

Մեկ դերասանի թատրոն` այս անգամ Շիրակի մարզպետարանում

19.12.2022թ. տեղի ունեցավ Շիրակի մարզի տարեվերջյան մարզխորհրդի նիստը` ընդլայնված կազմով։ Ինչպես կառավարության մակարդակում, այնպես էլ այստեղ ականատես էինք մեկ դերասանի թատրոնի։ Ստատիկ, թվերի տեսքով ներկայացված հաշվետվություններից զատ կարևոր էր մարզպետի շեշտադրումները։

Իրեն օրենքի գիտակ և օրինականության պահապան համարող տիկին մարզպետը դպրոցի տնօրեններին մեղադրեց ուռճացված հաստիքացուցակների մեջ։ Մարզպետը երևի տեղյակ չէ, որ տարիֆիկացիոն ցուցակները և հաստիքացուցակները հավանության են արժանանում կառավարման խորհուրդներում, որտեղ մարզպետը ունի առնվազն երեք անդամ, և դրանք վերջում հաստատում է մարզպետը։ Սա դեմագոգության հերթական դրսևորումն է։

Մարզպետը խոսեց նաև մամուլում տեղ գտած այն հրապարակումների մասին, ըստ որոնց, մարզում դպրոցի տնօրենների ընտրությունների ժամանակ մարզպետարանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, երբ գլխավոր թեկնածուն ոչ իշխանահաճո թեկնածու է, և այդ հրապարակումներն անվանեց պատվիրված` պնդելով, որ որևէ միջամտություն չկա, և եթե որևէ մեկը միջամտի` անպայման կպատժվի։ Նազելի Բաղդասարյանը մոռանում է, որ տասնյակ մրցույթներ չեն կայացել, քանզի մարզպետի նշանակած` հիմնականում մարզպետարանի աշխատակիցներ հանդիսացող կառավարման խորհրդի անդամները չեն ներկայանում մրցույթներին և արդյունքում քվորում չի ապահովվում։ Հարց է առաջանում, քանի՞ հոգի են պատժվել դպրոցների տնօրենների ընտրություններին միջամտելու համար։

Մարզպետի քննադատական խոսքը հիմնականում ուղղված էր Ախուրյան համայնքի համայնքապետ Արծրուն Իգիթյանին, որը ՔՊ-ից չէ և հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով։

Մարզպետը վստահ խոսքով ցույց է տալիս, որ մարզում ամեն ինչ իր վերահսկողության տակ է և որևէ մեկը թող հանկարծ չփորձի հակաօրինական ինչ որ բան անել` այնինչ, որպես մարզպետ իր 13-ամսյա գործունեության ընթացքում, մենք բազմիցս ենք արձանագրել մարզպետարանի կողմից թույլ տրված ապօրինությունների մասին: